ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունն անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու ուղղությամբ: Ինչպիսի՞ն է անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների պատկերը 2011թ-ին:

Կարինե Գասպարյան, 35 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Իրավախախտ անչափահասների շըրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների ու «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ եւ «Projekt Harmony», «World vision» միջազգային հասարակական կազմակերպությունների աջակցությամբ 2006-2011թթ. Երեւան-2, Վանաձոր, Գյումրի, Ալավերդի, Իջեւան, Ճամբարակ, Կապան, Թալին եւ Աբովյան քաղաքներում բացվեցին համայնքային արդարադատության վերականգնողական կենտրոններ, որոնց հիմնախնդիրն Է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել հանցագործություն եւ այլ իրավախախտումներ կատարած անչափահասների շրջանում:
Վերոհիշյալ կենտրոններն աննախադեպ են այն առումով, որ այստեղ ոստիկանը, սոցիալական աշխատողը, հոգեբանը եւ կենտրոնի աշխատանքներում ընդգրկված կամավորները միասին լայնածավալ աշխատանքներ են իրականացնում իրավախախտ անչափահասների հետ: Կենտրոնների հիմնական խնդիրն այն է, որ իրավախախտ անչափահասները տեղափոխվեն այնպիսի միջավայր, որտեղ շեշտը դրված է բարոյականության եւ մարդկային արժեքների, սկզբունքների, պատասխանատվության, հաշվետու լինելու եւ քաղաքացիականության վրա:
 2011թ. ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 527 հանցագործություն նախորդ տարվա 509-ի դիմաց:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության
գլխավոր վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ հավաստիացվում է, որ ոստիկանությունը ոչինչ չի խնայում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու ուղղությամբ, այսուհանդերձ, հենց ՀՀ ոստիկանության ներկայացրած վիճակագրությունը փաստում է, որ դրանք թեեւ ոչ մեծ թվով, բայց աճել են:




Լրահոս