Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ երկրի արևելքում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Խորհրդակցության պատճառը անջատողականների տրամադրության տակ տանկերի ի հայտ գալն էր:
Դեպքի վայրում գտնվող լրագրողները հայտնել են, որ Սնեժին քաղաքում առնվազն 3 տանկ են տեսել: Պարզ չէ, սակայն, թե դրանք որտեղից են հայտնվել:
Համացանցում հայտնված տեսագրությունում երևում է, որ մարդկանցով բեռնված ավտոմեքենան երեք տանկի ուղեկցությամբ անցնում է Դոնեցկից 15 կմ հեռավորության վրա գտնվող Մակեևկայի միջով: Սակայն երբ է նկարահանվել այդ տեսանյութը, պարզ չէ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, աշխարհազորայինների շտաբում հաստատել են, որ 3 տանկ են ստացել:
Թե որտեղից են ստացվել տանկերը, գործակալությունը չի հայտնում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Դոնեցկի ժողովրդական հանրապետության ոմն ներկայացուցիչ հայտնել է, որ տանկերը «կուղղվեն առավել բարդ հատվածներ»:
Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անընդունելի է համարել այն իրավիճակը, երբ Ռուսաստանից ուկրաինական սահմանով տանկեր են անցնում:
Ավելի վաղ ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է Ռուսաստանից ռազմական տեխնիկայով բեռնված ավտոշարասյուների ներխուժման մասին և հաստատել է սահմանի՝ այն կողմից տանկերի փոխադրման փաստը:
Նախնական տվյալների համաձայն՝ խոսքը T-72 տանկերի մասին է, որոնցով սպառազինված է ռուսական բանակը: