
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր բանաստեղծություններից մեկը նվիրեց ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովին պաշտպանողներին:
Մինչ այդ Վարդանյանն ասաց, որ ռուսները միշտ էլ փորձել են իրենց լեզվի ազդեցությունն այստեղ մեծացնել: Նա նշեց, որ կարծես թե, մենք ռազմավարական գործընկերներ չենք, և մեր հարաբերությունները ոչ թե միջպետական են, այլ՝ տեր ու ծառայի:
Բանաստեղծությունը ներկայացնում ենք առանց կրճատման.
«Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք,
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց:
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք,
Ձեր պատկերը դեռ պիտի գա ձեր դիմաց:
Գալու է ձեր զավակների պատկերն առած,
Որ քշվելով ձեր ավերից խեղված ու բութ,
Անեծքով են օրհնելու ձեզ սաղմոս առած,
Ու դռնեդուռ մուրալու են ներում ու գութ:
Լալու են, չեն գտնելու հույսի մի շերտ,
Դու չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում
Եվ ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն`
Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում»:
Հիշեցնենք, որ ռուս լրագրողի և հայ պատգամավորների հանդիպման ժամանակ Կիսելյովը կոշտ հայտարարություններ էր հնչեցրել հայոց լեզվի և հայ նահատակների հասցեին: