«ԻՄ ՀԱՄԱՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԹԵ ՈՎ ԿԼԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրն Արմավիրի մարզի գեներալաշատ գյուղում` Արշալույսում, հաղթեց գործող գյուղապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայր Զարզանդ Գրիգորյանը` հավաքելով 1460 ձայն: Նրա հետ պայքարում էր «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գրիգորյանը, ով հավաքեց 493 ձայն: Այսպիսով` Գրիգորյան եղբայրները հաղթանակ տարան իրենց հորեղբոր` Մանվել Գրիգորյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գրիգորյանների փոխհարաբերությունները լարվեցին 2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Հրանտ Գրիգորյանը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին` դուրս գալով Մանվել Գրիգորյանի ազդեցության գոտուց, որը համարվում էր «լեւոնական»:
Կիրակի օրվա ընտրությունների թեմայի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հետ:
-Պարո’ն Գրիգորյան, Ձեզ ինչպե՞ս հաջողվեց հաղթանակ տանել համայնքի ղեկավարի ընտրություններում: Բոլորի համար անակնկալ էր, որ գեներալ Մանվելի թեկնածուն կարող էր պարտվել:
-Ես չգիտեմ, թե ում համար ինչն էր անակնկալ, բայց իմ համար ոչ մի անակնկալ չկար: Իմ եղբայրը շատ նորմալ աշխատել է, ժողովրդի հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները մշտապես կատարել է, խի՞ պիտի պարտվեր:  
-Ասում են, որ Դուք իշխանական լծակներ եք օգտագործել, ճնշել եք բնակիչներին, դրա համար էլ հաղթել եք:
-Ինձ թվում է, որ Դուք էլ չեք հավատում Ձեր ասածներին:
-Կոնկրետ ՀՀԿ գոյություն չունեցող շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը Ձեզ ինչո՞վ է օգնել:
-Որպես կուսակցական ընկեր` իր ցանկություններով, բարեմաղթանքներով է օգնել:
-Դուք ընտրակաշառք չե՞ք բաժանել, ինչպես Հրազդան քաղաքում արվեց ՀՀԿ-ի կողմից` նույն Հովիկ Աբրահամյանի «քավորությամբ»:
-Ես չգիտեմ, թե ով որտեղ ինչ է արել: Բայց ասեմ, որ իմ ֆինանսական վիճակն էնքան էլ լավ չէ, որ ես ընտրակաշառք կամ չգիտեմ ինչ բաժանեմ: Համ էլ դրա կարիքն Արշալույսում չի էլ եղել: Արշալույսում պետք էր, որ հանգիստ, խաղաղ ընտրություններ լինեին, եւ մարդիկ ուզեցին, որ հաջորդ 4 տարին իրենց համայնքը ղեկավարի հենց Զարզանդ Գրիգորյանը: Եւ քանի որ առիթ կա, շնորհակալ եմ բոլորին, ովքեր ընտրել են իմ եղբորը, եւ մնացած 493 ընտրողներին, ովքեր չեն ընտրել: Ուզում եմ շնորհավորել նաեւ բոլոր համայնքների ընտրված ղեկավարներին:
-Կարո՞ղ եք ասել` Ձեր եղբայրն ընտրվեց, քանի որ լավ գյուղապե՞տ էր, թե՞ որ Ձեր եղբայրն էր: Ո՞ր արժանիքի համար:
-Իմ եղբայրը շատ ազնիվ, հայրենասեր, արդար, արդարամիտ մարդ է, եւ բնականաբար, նաեւ իմ եղբայրն է:
-Համայնքի ղեկավարի ընտրությունների ելքը Ձեզ ոգեւորե՞լ է, արդեն ունե՞ք որոշում` մեծամասնական ընտրակարգով թիվ 20 ընտրատարածքում որպես պատգամավոր առաջադրվելու:
-Այս ընտրությունները կապ չունեն: Ես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եմ: Եթե ՀՀԿ ղեկավարները կգտնեն, որ պետք է առաջադրվեմ, ուրեմն ես անպայման կառաջադրվեմ:
-Դուք ուզո՞ւմ եք կրկին պատգամավոր դառնալ, թե՞ ոչ: ՀՀԿ-ն ի՞նչ գիտի Ձեր ցանկությունների մասին:
-Ինձ թվում է, որ մեր տարածաշրջանի ժողովուրդն իմ նկատմամբ հավատ ունի, եւ որ ես երեւի դեռ անելու բան ունեմ:
-Եթե ՀՀԿ-ն որոշի Մանվել Գրիգորյանի կողմնակիցներից որեւէ մեկին առաջադրել, Դո՞ւք էլ կսատարեք նրան:
-ՀՀԿ-ն ինչ որոշում էլ կայացնի, ինձ համար օրենք է:
-Ըստ շրջանառվող լուրերի` այդ ընտրատարածքում մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Գրիգորյանը:
-Ես նման լուրեր չունեմ, բայց իմ համար տարբերություն չկա, թե ով կլինի: Իսկ եթե ՀՀԿ-ն որոշի, որ ես պիտի առաջադրեմ իմ թեկնածությունը, իմ համար նշանակություն չունի, թե ում կինը, տղան կամ աղջիկը կլինի:
-Պարո’ն Գրիգորյան, ՀՀԿ-ի վարկանիշը բավականին ընկած է, եւ բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ի համար դժվար կլինեն խորհրդարանական ընտրությունները: Ինչո՞ւ եք այդքան վստահ խոսում:
-Կոնկրետ Արշալույս համայնքում, որտեղ ես ծնվել, մեծացել եմ, որտեղ իմ եղբայրը վերընտրվեց, հենց ՀՀԿ-ի թեկնածուն էր: Եւ դուք տեսաք, որ ՀՀԿ-ն 75 տոկոս ձայն ունի: Էդ ամենաքիչը:
-Այսինքն` ՀՀԿ-ն վերարտադրվելու խընդիր չունի: Այդպե՞ս եք կարծում:
-Վերարտադրվելը մի քիչ կոպիտ եք ասում, ես Ձեր հետ համաձայն չեմ: ՀՀԿ-ին ժողովուրդը կվստահի, եւ կտեսնեք, որ նույն տեղերն ԱԺ-ում կպահպանի:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս