«Միկա-ցեմենտ»-ը վաճառվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանում գտնվող Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանն ամիսներ առաջ սնանկ էր ճանաչվել եւ վարկի դիմաց գրավադրվել ՎՏԲ Հայաստան բանկում:

Մեր ունեցած տեղեկություններով` օրերս հայտնվել են գործարանի գնորդներ` ՌԴ-ում աշխատող հայ գործարարներ, որոնց ներկայացուցիչը գործարանի մեխանիկական բաժնի պետ` մարտունեցի Սերոբ Շառոյանն է,ով ազգակցական կապեր ունի նոր գնորդների հետ: Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, գործարանի տնօրենի պաշտոնը կստանձնի գլխավոր մեխանիկը:

ՎՏԲ-ից չեն հերքում գործարանի վաճառքի շուրջ պտտվող լուրերը, սակայն չեն էլ հաստատում` նշելով, որ հստակ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում, ինչը ժամանակ է պահանջում: Տեղեկացնենք նաեւ, որ գործարանի` արդեն նախկին աշխատողները երեկվանից ոտքի են ելել եւ պահանջում են իրենց յոթ ամսվա չվճարված աշխատավարձը:

Աշխատակիցներից տեղեկացանք, որ հենց այս պարտքերն են պատճառը, որ գործարանի նոր սեփականատերերը կանգնել են փաստի առաջ եւ վաճառքի հետ կապված թղթաբանությունն ամբողջությամբ չեն կարողանում իրականացնել: Աշխատակիցները նաեւ հայտնեցին, որ իրենց հորդորել են սպասել` խոստանալով աշխատավարձերն ամբողջությամբ մարել մինչեւ հունիսի 15-ը:

Իսկ թե ով եւ ինչպես կվճարի պարտքերը` դեռեւս պարզ չէ: Գործարանի նախկին աշխատողները նշեցին, որ մինչեւ ամսի 15-ը աշխատավարձերը չմարելու դեպքում իրենց բողոքի ակցիան նոր թափ կստանա:

Արևիկ Հակոբյան

Հրազդան




Լրահոս