ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱԽԱԶՆ ՕԳՏՎԵՑ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍԱՅԹԱՔՈՒՄԻՑ
Թվում էր, որ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանի դատավարությունը բավականին հետաքրքիր ընթացք պետք է ունենա, սակայն մինչ այս որեւէ արտառոց բան չի գրանցվել: Միայն հայտնի է, որ նախկինում Օհանյանի դեմ ցուցմունք չտված նրա երբեմնի ենթակաները լավ էլ «երգել» ու շարունակում են երգել:  Ինքը` Մարգար Օհանյանը խոստացավ խոսել հաջորդ դատական նիստին:

Իսկ մինչ այդ, փորձենք հասկանալ, թե ինչ է «Մարգարի գործը», ինչպես բացահայտվեց, եւ ինչու են բոլոր կողմերը մի տեսակ կաշկանդված: Միանգամից ասենք, որ այն, ինչ քննվում է դատարանում, ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցած եւ ունեցող հանցագործությունների միայն մի մասն է: Իսկ կոնկրետ «բենզինի» մեղադրանքը ավելի քան ծիծաղելի է, քանի որ այդ մեղադրանքով կարելի է Հայաստանում ցանկացած պահի ցանկացած մակարդակի չինովնիկի կալանավորել: Դատարանում քննվում են ընդամենը երկու պաշտոնյաների չստացված ֆինանսական ռազբորկայի իրավական մանրուքները:
Իսկ ինչպե՞ս բացահայտվեց այդ գործը: Մինչ այդ հիշեցնենք, որ Մարգար Օհանյանն ու ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շատ մտերիմ ընկերներ էին: Նրանք բացառապես միմյանց հետ էին ընդմիջում անում եւ մշտապես ընտանեկան խնջույքներ էին կազմակերպում: Նաեւ ունեն բազմաթիվ ընդհանուր բիզնեսներ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երեւան քաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Քննական եւ հաշվառման կայանի (ՄՌՕ) պետ Արթուր Մարգարյանը մի օր Ալիկ Սարգսյանի մոտ դժգոհում է (նա Սարգսյանի մտերմագույն անձնավորությունն է), որ ինքը նոր տուն է կառուցում, բայց Մարգար Օհանյանը «պլանները բարձրացրել է», ինչի հետեւանքով դժվարացել է իր տան շինարարության աշխատանքների ընթացքը. խոսքը ձախ ճանապարհով ոստիկանություն մտնող գումարների մասին է: Ալիկ Սարգսյանը տարակուսում է, քանի որ ինքը նման հրահանգ չի տվել Օհանյանին: Հենց հաջորդ օրը իր մոտ է կանչում Օհանյանին` պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչու է իր սիրելի Արթուր Մարգարյանը դժգոհում իր նույնքան սիրելի Մարգար Օհանյանից: Այստեղ պարզվում է, որ Մարգար Օհանյանը առանց Սարգսյանի գիտության որոշել է ավել գումար աշխատել եւ ոչ մի կերպ չի ցանկանում խոստովանել, ինչը գործող ռեժիմի համար աններելի է: Հայաստանում կարելի է ցանկացած սրիկայություն թույլ տալ եւ ներում ստանալ, եթե նախապես «շեֆությանը» տեղյակ ես պահել դրա մասին:
Այսպիսով՝ Ալիկ Սարգսյանը, կարծելով, որ ՀՀ ոստիկանությունն իր բոստանն է, հրահանգում է ներքին ծառայողական քննություն անցկացնել` պարզելու, թե ինչ գումարներ են շրջանառվում: Երբ տեսնում է, որ Մարգար Օհանյանն առանձնապես վատ չի զգում եւ չի ընկճվում ու առավել եւս չի խոստովանում, բարկանում է եւ որոշում ավելի լրջացնել հարցը: Հանձնարարում է իրեն հավատարիմ համարվող Գագիկ Ավետիսյանին (ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետ), որպեսզի նա պարզի եղելությունը: Եւ ահա այս «մի կաթիլ մեղրի» պատմությունն ընկնում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ականջը: Նա, ունենալով իր հատուկ վերաբերմունքը Ալիկ Սարգսյանի նկատմամբ, անմիջապես գործի է անցնում:
Մեզ հասած լուրերով՝ Աղվան Հովսեփյանը հրահանգում է խիստ վերահսկողություն սահմանել գործի նկատմամբ ու իր մոտ հայտնված բոլոր փաստերը մանրամասնորեն զեկուցում է Սերժ Սարգսյանին: Վերջինս էլ հրահանգում է օբյեկտիվ քննություն տանել: Ու հենց սրա համար էր Ալիկ Սարգսյանը վերջերս հայտարարեց, թե «եթե ես իմանայի՝ ամեն ինչ այսպես կգնար, ես ընթացք չէի տա գործին»: Այսինքն` երկու ընկեր-գործընկերների նեղ ֆինանսական հաշիվները  Ալիկ Սարգսյանի վրա ծանր նստեցին. մտերիմ ընկերոջ եւ ոստիկանապետի աթոռի կորուստ: Բացի այդ, վտանգված է Վրաստանի ծովափին ունեցած հյուրանոցային համալիրի, ընդհանուր երկաթի գործի եւ մյուս բիզնեսների ապագան:
Սա է պատճառը, որ Մարգար Օհանյանը մինչ օրս Ալիկ Սարգսյանի «վրա» լուրջ  ցուցմունքներ չի գրել: Նա դեռ կարծում էր, որ Ալիկ Սարգսյանն իր հարցերը կլուծի: Բայց տեսնելով, որ միանձնյա է պատժվում, չի բացառվում, որ խոսի ու պատմի ամեն ինչ` իր հետ տանելով նաեւ սիրելի Սերգեյիչին:




Լրահոս