Ո՞Վ Ո՞ՒՄ Է ԾԵԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է խուլիգանության մեջ մեղադրվող վանաձորցի Աշոտ Հարությունյանի դատավարությունը: Մինչ նիստը, դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էր` ի պաշտպանություն Հարությունյանի: «Դատավոր Թովմասյանը կատարել է հանցագործություն: 4 կարգադրիչներին հրավիրելով ոչ գործի ժամին` կատարել է հանցագործություն: Տղայիս խմբակային դաժան ծեծի են ենթարկել եւ կեղծ ապացույցներ հավաքելով` սուտ մատնություն  կատարել»: Սա Աշոտի հոր հայտարարությունն է:
Հիշեցնենք, որ 2010թ-ի նոյեմբերի 8-ին` երեկոյան` ժամը 23-ից 23:30-ի սահմաններում, Աշոտ Հարությունյանը, ով աշխատում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում, քաղաքի խանութներից մեկում պատահաբար հանդիպել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Թովմասյանին: Աշոտը հետեւյալ կերպ է ներկայացնում եղածը. «Խանութում ոնց որ մեկը սեւեռուն նայելուց ըլնի ինձ, ես ասեմ` մենք ճանաչո՞ւմ ենք իրար, որ դու ինձ ըտենց նայում ես, ինքն էլ թե` ո՞վ ես դու, որ ես քեզ ճանաչեմ»: Խոսակցությունը վերածվում է վեճի, որը շարունակություն է ունենում. «Նա, հրավիրելով ինձ տղայական խոսակցության, տարավ դատարանի շենք, եւ այնտեղ նախօրոք կանչելով տանը գտնվող կարգադրիչներին՝ կազմակերպեցին ծեծը»: Աշոտի խոսքով` միջադեպից հետո Արման Թովմասյանը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ Հարությունյանը հարձակվել է դատարանի վրա, եւ նրան մի կերպ են հեռացրել այնտեղից: Սկզբում գործ է հարուցվել պաշտոնյայի վրա հարձակվելու, նրա գործունեությանը խոչընդոտելու համար, սակայն հետո հոդվածը փոխվել է: Դատարանի տարածքում տեղադրված տեսախցիկների կադրերն առեղծվածային կերպով անհետացել են:  «Ըստ երեւույթին, տեսել են, որ էնտեղ շատ վատ բաներ կան նկարահանած, արհեստական ճանապարհներով ընենց են արել, որ դրանք անհետանան: Քննիչը մեկնաբանել ա, որ ինքը փոխանակ նույն օրը գնար առգրավում կատարեր տեսաերիզները,  6-7 օր հետո նամակ է գրել Երեւան` Դատական դեպարտամենտ, թույլատրություն խնդրելով էդ տեսաերիզներն առգրավելու: Էնտեղից էլ մինչեւ պատասխան է եկել, տեւել է քսանքանի օր, եւ պարզվել  է` էդ ձայնագրությունները պահպանվում են ընդամենը 5 օր»,-պատմեց Աշոտը: Սամվել Հարությունյանը որդուն պաշտպանելու համար դիմել է նաեւ ընդհանուր իրավասության դատարան` դատական իշխանության ներկայացուցչին մեղադրելով հանցագործության մեջ, սակայն, ըստ նրա, իր իրավունքն անտեսում են եւ քր. գործ չեն հարուցում: Վերջինիս խոսքով` դեպքից օրեր անց Արման Թովմասյանի պաշտոնը բարձրացրել են: Նա այժմ Երեւանի վարչական դատարանի դատավոր է: Սամվել Հարությունյանը դիմել է վերաքննիչի օգնությանը: Փետրվարի 13-ին բողոքի ձայն է բարձրացրել նաեւ նախագահի նստավայրի մոտ: Փետրվարի 14-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողն ու պաշտպանական կողմը հանդես եկան ճառերով: Մեղադրողը հարցազրույցից հրաժարվեց` հայտնելով, որ մինչեւ դատաքննության ավարտը ոչինչ չի ասի:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս