Այսօր ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով խոսեց վերջին օրերին հանրության զայրույթն առաջացրած պատմամշակութային արձանների շուրջ խնջույքներ կազմակերպելու հարցի մասին:
Նա ընդգծեց, որ զբոսաշրջիկների հետ այցելել է Գառնու տաճար, սակայն իրեն չեն թողել մուտք գործել այնտեղ՝ ասելով, որ մի մասնավոր կազմակերպություն վարձակալել է այդ տարածքը խնջույքի համար, և որ այդտեղ է լինելու նաև պաշտոնական պատվիրակություն արտերկրից:
«Բնականաբար ճշտեցինք, որ ոչ մի պաշտոնական պատվիրակություն էլ չի գալու այդտեղ, իսկ դրսում կանգնած սպասում էին բազմաթիվ զբոսաշրջիկներ: Կապվեցինք մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, և միայն նրա միջամտությունից հետո թողեցին մտնել Գառնու տաճարի տարածք»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` եթե պետական միջոցները այնքան սուղ են, որ պատմամշակութային արժեքների պահպանության հարց է առաջանում, ապա դա դեռ չի նշանակում, որ դրանք պետք է վարձով տալ մասնավոր մարդկանց, որ նրանք էլ փակեն տարածքը: