ԴԺԳՈՀ Է
Դերասանուհի Անժելա Սարգսյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ու հայտնել, որ ինչ-որ բլոգում տեղադրվել են իր մերկ լուսանկարները, որտեղ նաեւ հղում է տեղադրված իր հայտնի` պոռնոնկարներով կայքին:
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԿԱՅԱՆԱ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` մարտի 2-ին կայանալու է «Ժառանգություն» կուսակցության համագումարը:
ՁԵՌՔԸ ԿՈՏՐԵԼ Է
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կոտրել է աջ ձեռքը: Պատգամավորը վնասվածքը ստացել է Մոսկովյան փողոցում: Ըստ նախնական տվյալների` նա կոտրել է դաստակը:
ՏԵՍԵԼ Է
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը խոստովանել է, որ իր կուսակցական գործընկերներն Ազգային Ժողովի քվեարկությունների ժամանակ ուրիշների փոխարեն կոճակ են սեղմում: «Տեսել եմ: Ո՞նց սուտ խոսամ, որ տեսել եմ, բայց ես չեմ արել»,-լրագրողներին ասել է Այվազյանը:
«ԳԼԱԴԻԱՏՈՐԻ» ՆՄԱՆ
«Հայաստանյան ընտրությունները նման են «Գլադիատոր» ֆիլմի այն դրվագին, երբ Հռոմի կայսրը նախապես վիրավորում է գլադիատորին եւ նրան մարտի հրավիրում»,-կարծում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ անդրադարձել է Հրազդանի ընտրություններին. «Այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ Սասուն Միքայելյանի վստահված անձիք էին այնպիսի ճանաչված մարդիկ, ինչպիսին են` Դավիթ Շահնազարյանը, Փաշինյանը եւ այլոք, իշխանությունները ստիպված էին օրինական ընտրություններ անցկացնել: Բայց խնդիրն այն է, որ ամեն ինչ տեղի էր ունենում տեղամասերից դուրս: Մարդկանց տանում էին համատիրություններ եւ տալիս այդ հինգ հազարները»:
ՎԱՂՎԱ ՕՐԸ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը ժամանակին նախաձեռնել էր Քոչարյանը, եւ ինչպես վստահեցնում էին փորձագետները, այդպիսով նա իր համար քաղաքական հենարան էր պատրաստել: Վերջին շրջանում հանրապետականների եւ իշխանության գլխավոր կուսակցության վստահությունը կորցնող «բարգավաճների» միջեւ հարաբերությունները նկատելիորեն սրվել են Քոչարյանի վերադարձի մասին լուրերի պատճառով: Եւ այդ լուրերը, ակնհայտորեն, անհիմն չեն: «Օսկանյանը Քոչարյանի մարդն է համարվում: Պատահական չէ, որ Հանրապետական կուսակցության առաջնորդները խիստ դյուրագրգիռ ընդունեցին Օսկանյանի առաջին ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամի կարգավիճակում` նկատի ունենալով` չի հասցրել համալրել «բարգավաճների» շարքը, արդեն ինչ-որ ծրագիր է առաջ քաշում: Հարց է` ում ծրագիրը»,-Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին վերլուծական հոդվածում գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն:
ՎԱՐԴԱՆԻԿԸ ԿԱՌՆԱՎԱԼՈՒՄ
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող կառնավալին մասնակցում է նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորած 9-հոգանոց պատվիրակությունը: armlur.am-ի տեղեկացմամբ` Գյումրվա պատվիրակությունը Բրազիլիա է մեկնել փետրվարի 16-ին` Սան-Պաուլո նահանգի, Գյումրու եղբայր Օզասկոի քաղաքապետի հրավերով` ամենամյա հայտնի կառնավալի ավարտից անմիջապես հետո քաղաքի հիմնադրման օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու նպատակով: Դե, Վարդանիկն էլ որոշել է մի երկու օր շուտ մեկնել` ձեռքի հետ նաեւ կառնավալը տեսնելու համար: Նա Հայաստան կվերադառնա փետրվարի 28-ին: