Դուք կարդացե՞լ եք օրենքի նախագիծը մինչև վերջ. Ա. Մանուկյանը` Ա. Ասատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարտադիր կուտակային պահումները սոցիալական նպատակային վճարով փոխարինելու օրինագծի քննարկման ժամանակ  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ընդգծեց, որ օրենքում անհեթեթություններ կան.

«Եթե սա կոչվում է պարտադիր վճար և այն օրենքի ուժով դառնում է պարտադիր բոլորի համար, ինչո՞ւ եք ամեն տեղ 60-70 անգամ պարտադիր բառը նշում»:  Ապա  Արամ Մանուկյանը  Արտեմ Ասատրյանին նախապես ասաց, որ հարցը հեգնանք չհամարի.

«Դուք կարդացե՞լ եք օրենքի նախագիծը մինչև վերջ, մինչև անցումային դրույթները, թե՞ հավատացել եք ձեր իրավաբանական վարչությանը, որն ասել է, որ օրենքում չկան կիքսեր, անհեթեթություններ ու կազուսներ: Եթե ես հիմնավորեմ, լիքը իրավաբանական կազուսներ կան: Օրինակ՝ դուք իրաբանական տերմին եք համարո՞ւմ հետևյալ արտահայտությունը՝ մասնակցի լռությունը համարվում է կամքի արտահայտություն»:

Արտեմ Ասատրյանը պատգամավորի առաջին հարցին ի պատասխան նշեց, որ պարտադիր հիմնադրման ու պարտադիր համակարգերը տարբեր բաներ են և այդ տարանջատումն ամրագրվել է, որ հստակ լինի պարտադիր և կամավոր կենսաթոշակային ֆոնդը: Օրենքում թերացումների ու անհեթեթությունների վերաբերյալ էլ Արտեմ Ասատրյանն ասաց.

«Տարբեր թերացումներ կարող են լինել և միշտ կարելի է ավելի լավ նախագծեր ունենալ: Ես չեմ հավակնում նրան, որ այն ամենն, ինչ ներկայացված է լիարժեք ու կատայալ է: Շնորհակալ կլինեմ ձեր դիտողությունների ու առաջարկությունների համար, իսկ մասնակցի լռության հետ կապված, կարծում եմ, որ ընդունված ձևաչափ է», – հայտարարեց նա:




Լրահոս