Փետրվարի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի N զորամասերից մեկում կրկին զինվոր էր մահացել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` 20-ամյա Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանը սպանվել է իր ծառայակցի կողմից: Սպանված զինվորի մայրը` Ալվարդը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես կարող է զենքից չհասկացողը զենք կրել եւ ծառայակցի մահվան պատճառ դառնալ: Տիկին Ալվարդը վստահեցրեց, որ պայքարելու է իր երկրորդ որդուն բանակ չուղարկելու համար:
Հիշեցնենք, որ 20-ամյա ժամկետային զինծառայողը մահացել էր ժամը 19:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում: Ըստ նախնական տվյալների` նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց էր արձակել եւ աջ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Դիմաքսյանին: Վերջինս ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Դիմաքսյանը ծնունդով Լոռու մարզի Վահագնի գյուղից էր: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մարատի մայրիկի հետ, վերջինս շատ հուզված էր եւ անընդհատ լաց էր լինում` հիշելով իր որդու հետ կատարվածը: «Ես չգիտեմ, թե ինչն ա եղել պատճառը, բայց ես գիտեմ, որ իմ էրեխեն ոչ մի մեղավորություն չի ունեցել, իրանց ասելով` դա պատահականություն ա եղել, չեմ իմանում…»,-նշեց տիկին Ալվարդը: Մոր խոսքերով` իրենք որդու հետ անընդհատ հեռախոսով խոսել են եւ տեղյակ են եղել, թե ինչով է զբաղված. «Ինքը շատ գոհ էր ծառայությունից, ոչ մի բանից դժգոհ չէր, հարց չկար, որից ինքը կնեղվեր, տենց բաներ չկա, բայց էդ ապուշը որ կրակել ա, ընդամենը 2 շաբաթ էր, ինչ էդ զորամաս էր գնացել, սկզբում ըտեղ չէր ծառայում, իրան ուրիշ տեղից են տեղափոխել»:
Մարատի մայրիկը նշեց, որ իրենք չեն ցանկացել որդու դիահերձմանը ներկա գտնվել, եւ դա է եղել պատճառը, որ Մարատի հորեղբայրն է մասնակցել: «Իմ տղան շատ վիդնի տղա էր, սպիտակամորթ, շատ սիրուն տղա էր, ու դիահերձման ժամանակ ոչ մի բան չի հայտնաբերվել, միայն էն կրակոցն ա եղել, ուսի մոտից խփել ա, դուրս ա եկել, ասենք կապտուկներ բան չի եղել, ու մի փամփուշտով ա կրակել»,-նշեց Մարատի մայրը: Վերջինս ասաց նաեւ, որ ինքը չի կարող ասել, թե այդ դժբախտ դեպքը պատահաբար է տեղի ունեցել, թե ինչ-որ վեճի արդյունքում:
«Ինչքան գիտեմ, կռիվ չի եղել, ուղղակի դուք չեք պատկերացնում, ոչ թե իմ տղան ա, ես գովում եմ, իմ էրեխեն յուրահատուկ էրեխա էր, ոչ կռվարար… նույնիսկ բարձր չէր խոսում, ինքը պատմական բաժնում էր սովորում, մեր մոտի մանկավարժականն էր ընդունվել, կարաք գյուղում գաք իմանաք, թե ինչ տղա էր: Ախր չեք պատկերացնում, հենց էդ օրն իմ տղեն զանգել խոսացել ա, 15:45-ին, տրամադրությունը շատ բարձր էր, մենք պետք է փետրվարի 12-ին գնայինք իրան տեսակցության, էդ ենք խոսացել, պայմանավորվել ենք, ինքն էլ անհամբեր սպասում էր»,-լացակումած պատմեց զինվորի մայրը:
Տեղեկացանք նաեւ, որ Մարատի ընտանիքը սոցիալապես ոչ ապահով պայմաններում է ապրում: «Լավ պայմաններում չենք ապրում, աշխատանք չունենք, իմ միջնեկ տղան պիտի աշնանը բանակ գնա, բայց բացարձակ թույլ չեմ տա, որ բանակ գնա, երբեք… բացարձակ չեմ ուզում, նույնիսկ ուրիշի էրեխեքին չեմ ուզի, էսքանից հետո… չեմ թողի` Մարտինը գնա…»,-լացելով ասաց տիկին Ալվարդը:
20-ամյա Մարատը գյուղում ապրում էր տատիկի, պապիկի, հոր, մոր եւ երեք եղբայրների հետ: Համագյուղացիները պատմում են, որ այդ նույն զորամասում եւս մի վահագնեցի զինվոր է ծառայում` Ժորա Քոչինյանը, որին թույլատրել են մասնակցել Մարատի թաղմանը: Վերջինս պատմել է, որ իրեն հրամանատարները տեղեկացրել են, թե իր ընկերը մահացել է ծառայակից ընկերոջ պատահական կրակոցից:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: Փետրվարի 9-ին առաջադրվել է մեղադրանքը, եւ նույն օրը կալանավորվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Գոռ Ալավերդյանը:
ՄՅՈՒՍ ՈՐԴՈՒՆ ԲԱՆԱԿ ՉԻ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ