ԿԴԻՄԵՆ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009 թվականի նոյեմբերին, երբ Սյունիքի մարզի Նորավան գյուղի զորամասերից մեկի զինծառայող գյումրեցի Սերգեյ Մանուկյանի ծնողները սպասում էին որդու վերադարձին, ստացան նրա  ինքնասպանության բոթը:  Սակայն նրանք  ոչ միայն չեն հավատում այդ վարկածին, այլեւ երկու տարի շարունակ պրպտում են, ուսումնասիրում գործի բոլոր մանրամասները, որպեսզի կարողանան ապացուցել, որ իրականում Սերգեյն ինքնասպանություն չի գործել: Ծնողները նման կերպ մտածելու հիմքեր ունեն, քանի որ զինվորի ծառայակիցները պնդել են, որ Սերգեյը հրամանատարական կազմի հետ երկար ժամանակ լուրջ խնդիրներ է ունեցել: Գործը քննվել է հայաստանյան դատական ատյաններում, սակայն կայացված դատավճիռները Սերգեյի ծնողներն արդարացի չեն համարում: Գորիսի առաջին ատյանի դատարանում գործի քննությունը տեւել է մեկ տարի: Վկաները պատմել են կատարվածի մասին, նաեւ ասել, որ Սերգեյը խնդիրներ է ունեցել, սակայն դատարանը հրամանատարական կազմի գործողությունները համարել է պաշտոնական դիրքի չարաշահում եւ ըստ Սերգեյի հարազատների` կայացրել է ոչ արդարացի դատավճիռ. «Փոխգնդապետ Գեղամ Ասատրյանին 7,5 տարի, 6 տարի դասակի հրամանատարին, իսկ վաշտի հրամանատարին 3 տարի` պայմանական: Դա մեզ ձեռք չի տալիս, որովհետեւ դա որակավորել են որպես ինքնասպանություն»: Վերոհիշյալ անձինք այժմ իրենց պատիժն են կրում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Զինվորի ծնողները գտնում են, որ հրամանատարական կազմի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն կրեն  ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահման,  այլ սպանության համար: Գործը բողոքարկել են, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Գորիսի առաջին ատյանի դատարանի վճիռը: «Իմ որդու անունը ես պետք է մաքրեմ: Ինքնասպանություն բառը լավ բառ չէ: Չեմ ընդունում, որովհետեւ իմ տղան նման ստորություն չէր կատարի»,-ասում է Սերգեյի հայրը եւ նշում, որ Եվրոպական դատարանի հայցն արդեն պատրաստ է եւ շուտով կուղարկվի: Հարկավոր է ներկայացնել նաեւ այս գործով Հայաստանում տեղի ունեցած դատական նիստերի ձայնագրությունները: Բոլոր անհրաժեշտ փաստերը հավաքելուց հետո գործը կհասնի ՄԻԵԴ: «Հարյուրավոր մարդիկ մեզ նման տառապում են: Վերջը պե՞տք է  կասեցնել էս ամեն ինչը: Վաղը չէ՞ որ մենք թոռ ենք ուղարկելու բանակ: Ես հույս ունեմ, որ Եվրոպական դատարանում ինչ-որ բանի կհասնենք»,-ասում է զինվորի հայրը: Զավեն Մանուկյանը կարծում է, որ գուցե Եվրոպական դատարանի վճիռը սթափեցնող լինի հայաստանյան իշխանությունների համար եւ դառնա նախադեպ, որպեսզի մյուսներն էլ չլռեն եւ չհանդուրժեն բանակում կատարվող ապօրինությունները: Նշենք նաեւ, որ օրեր առաջ զինվորի ծնողները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Զավեն Մանուկյանին լսելուց հետո նախարարը  հանձնարարել է վերաքննել գործը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս