ՀԱՆԿԱՐԾԱՄԱ՞Հ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի գործով դատաքննությունը: Փետրվարի 20-ի նիստի ժամանակ մեղադրող Վաղինակ Մխիթարյանը հանդես եկավ մեղադրական ճառով, ապա հարցաքննվեցին   վկաները:
Ամբաստանյալը հերթական անգամ առիթն օգտագործեց հայտարարելու համար, որ իրեն մեղավոր չի ճանաչում, եւ որ բժիշկն ի սկզբանե  առողջական խնդիրներ է ունեցել: Մինչդեռ բժշկի հարազատները նշում են, որ Աշոտ Գրիգորյանի մահը վրա է հասել հենց ծեծի հետեւանքով: Հարցաքննված մի քանի վկաներ եւս նույնը պնդեցին: Բժշկի կինը` Ջուլիետա Գրիգորյանը, հայտարարեց, որ ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանի պնդումները,  թե  բժիշկն առողջական լուրջ  խնդիրներ է ունեցել եւ օգտագործել հոգեմետ դեղեր, չեն համապատասխանում իրականությանը. «Էդպիսի դեղեր չի օգտագործել ինքը: Հնարավոր է` նյարդայնացած լինի, պառկի հանգստանա կամ դեղ խմի, բայց բոլորի մոտ էլ լինում է»: Շտապբուժօգնության կայանի աշխատակիցներն իրենց ցուցմունքներում պնդեցին, որ բժիշկը դաժան ծեծի է ենթարկվել: Ականատեսներից է բժշկին ուղեկցող բուժքույր Լամարա Հարությունյանը: Նա պատմեց, որ ամբաստանյալը, դիմավորելով կանչը սպասարկող անձնակազմին, նախ հայհոյել եւ մեղադրել է ուշանալու համար, ապա քաշքշել բժշկին եւ ոտքով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Չնայած դրան, բժիշկը կատարել է իր մասնագիտական պարտականությունները եւ հիվանդին ցուցաբերել առաջին բուժօգնություն: «Ինքը բժշկին խփում էր, բայց բժիշկն ասեց` հիվանդին տեսնենք: Ես պայուսակն առա, բարձրացա վերեւ»,-պատմեց բուժքույրը: Հիվանդին  բուժօգնություն ցուցաբերելուց հետո, երբ ցանկացել են դուրս գալ բնակարանից, Արտակ Կարապետյանը դարձյալ խոչընդոտել է եւ հայտարարել, որ մինչեւ հայրը լիարժեք չապաքինվի, շտապօգնության աշխատակիցները չեն կարող հեռանալ: Կանչը գրանցած կարգավորիչ Հերմինե Գեւորգյանը պատմեց, որ անգամ այն ժամանակ, երբ Արտակ Կարապետյանը հավաքել է 1-03 համարը, հայհոյել է, մինչեւ շտապօգնության մեքենայի՝ դեպքի վայր հասնելը զանգել է 3 անգամ եւ անընդհատ սպառնացել: Կարգավարը հետո զանգ է ստացել բուժքրոջից, ով նշել է, որ բժշկի ինքնազգացողությունը վատացել է. «Լամարա Հարությունյանը վերցրեց ռացիան եւ ասաց, որ իրեն փակի տակ են պահում, իսկ բժշկին ծեծում են: Դրանից հետո զանգահարել եմ ոստիկանություն»: Մարիամ Ռոստումյանը` դեպքի վայր մեկնած երկրորդ բրիգադի բուժքույրը, պատմեց, որ երբ իրենք տեղ են հասել, Կարապետյանների բնակարանում գտել են բժշկի անշնչացած մարմինը. «Բազմոցին նստած էր` աջ ծեռքը բազմոցից կախ ընկած, թուլացած»:
Արտակ Կարապետյանը, այս ամենը լսելով հանդերձ, պնդեց, թե իբր բժիշկը վատառողջ է եղել, ինքն էլ զանգել է շտապօգնություն եւ տեղեկացրել այդ մասին. «Ես իրանց ըսեցի` իմ հերս հիվանդ է, իմ հորս համար եմ օգնություն կանչե: Էս հիվանդներին բերել եք որ ի՞նչ: Հորս փրկե՞մ, թե՞ էս հիվանդներին»:
Հարցաքննվեցին նաեւ Արտակ Կարապետյանի ծնողները եւ շտապբուժօգնության մեքենայի վարորդը: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 23-ին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս