
Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ ոչ իշխանական ուժերն այսօր խորհրդարանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ պետք է հանդես գային համատեղ հայտարարությամբ: Ոչ իշխանական ուժերի ասուլիսի ընթացքում նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որն էլ ընթերցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ այսօր Ազգային ժողովում ունեցած նիստի ընթացքում բազմիցս խախտվել է օրենքը, որով սահմանափակվել է խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները:
Ն. Զոհրաբյանը ընդգծեց, որ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքն անցկացվեց կոպտագույն խախտումներով: «Սա հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, մենք հայտարարում ենք, որ օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկումը անվավեր են և հասարակության հետ միասին պայքարելու ենք հետագայում», – հայտարարեց նա, հավելելով. «Նման գործելաոճը թե քաղաքական, թե իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջորեն խալխլում է մեր պետականության հիմքերը»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հավելեց, որ ՕԵԿ խմբակցությունը նույնպես ծանոթացել է տեքստին և լիովին համաձայն է: