ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՐԲԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Հաշվի առնելով ՀՀ տարբեր մարզերում գրանցված դեպքերը, երբ ուսուցիչներին ապօրինի կերպով ազատել են աշխատանքից` կուտակային մուծումներից հրաժարվելու դիմում գրելու համար, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպիսին է իրավիճակը Տավուշի մարզում: Հունիսի 12-ին զանգահարեցինք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանին` տեղեկանալու, թե մարզի հանրակրթական դպրոցների աշխատակիցներից քանի՞սն է դիմում ներկայացրել, որպեսզի իրենց աշխատավարձերից կենսաթոշակային պարտադիր կուտակային հիմնադրամի համար մուծումներ չկատարվեն: Աշոտ Փաշինյանն ասաց, որ ինքը տվյալներ չունի եւ խորհուրդ տվեց զանգահարել մարզի դպրոցների տնօրեններին: Պատահական ընտրությամբ զանգահարեցինք Դիլիջանի ավագ դպրոցի տնօրեն Արա Արամյանին: Նա ասաց, որ իր ղեկավարած դպրոցում 1974թ.-ին եւ դրանից հետո ծնված 7-8 աշխատակից կա, սակայն նրանցից ոչ մեկը կենսաթոշակային կուտակային հիմնադրամին մուծումներ չկատարելու համար դիմում չի ներկայացրել: Տնօրենը վստահեցրեց, որ այդ հարցում աշխատակիցների վրա որեւէ ճնշում կամ պարտադրանք չի եղել: Ինչը, նկատենք, զարմանալի է, քանզի ստացվում է, որ ուսուցիչներն իրենց առանց այդ էլ ոչ բարձր աշխատավարձից կամավոր մուծումներ են կատարում, որպեսզի տասնամյակներ անց այդ գումարից կենսաթոշակ ստանան:
Մենք դիմեցինք նաեւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանին, ով ասաց, որ իր ղեկավարած կոլեկտիվի՝ 1974թ. եւ դրանից հետո ծնված բոլոր 10 աշխատակիցները դիմում են գրել պարտադիր կենսաթոշակային կուտակային հիմնադրամին գումարներ մուծելուց հրաժարվելու համար եւ նրանց աշխատավարձից այդ նպատակով գանձումներ չեն կատարվել: Տնօրենը հայտնեց, որ Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղի միջնակարգ դպրոցի երիտասարդ աշխատողները եւս հրաժարվել են կենսաթոշակային կուտակային հիմնադրամին մուծումներ կատարելուց:

ՀՀԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հրաժարվել է ՀՀԿ անդամությունից: Կուսակցությունից դուրս գալու դիմումը նա գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար, Տավուշի նախկին մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանի անունով, սակայն այն հանձնել է ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավար, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանին: Նշենք, որ Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանը Չիբուխչյանին ազատել էր մարզպետի խորհրդականի պաշտոնից, որից հետո վերջինս հայտարարել էր Ադրբեջանից քաղաքական ապաստան հայցելու որոշման մասին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս