ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ՀՀ կառավարության շենքի առջեւ էին հավաքվել «Հաշմանդամ օդաչուներ» հկ-ի անդամները եւ պահանջում օրենքով սահմանված իրենց հասանելիք փոխհատուցումները: Նշենք, որ օդաչուներն արդեն 8 տարի է, ինչ բարձրաձայնում են, որ իրենց սահմանադրական իրավունքը ոտնահարվել է, սակայն արձագանք չկա: Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներ»-ը սնանկ դարձավ 2003-ի մարտին, կառավարության որոշմամբ՝ պետությունը հինգ միլիոն դոլարով վերցրեց այդ ընկերության բոլոր չվերթերը ու տվեց «Արմավիա» ավիաընկերությանը: Իսկ օդաչուները մինչ օրս սպասում են, մինչեւ որ վաճառվի սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիներ»-ի գույքը:

Հիմա էլ՝ օդաչուները սպասում են Սեւանա լճի մոտ գտնվող «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող հողատարածքի վաճառքից ստացված գումարներին: Ի դեպ, հողատարածքը տեւական ժամանակ է, ինչ աճուրդի է հանված, սակայն դեռ գնորդ չկա: «Հաշմանդամ օդաչուներ» հկ-ի փոխնախագահ Սեյրան Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հկ-ում այս պահին մնացել է ընդամենը 58 հոգի, նախկին՝ 100-ի փոխարեն. մյուսները մահացել են: «Սեւանա լճի մոտակայքում մի փոքր հողակտորներ կան, որոնք աճուրդի են հանված, իսկ գինն էլ՝ 1 քմ-ի դիմաց 4500 դրամ է սահմանված: Այն դեպքում, երբ Սեւանում հողի 1քմ-ն արժե 950 դրամ, այսինքն՝ շուկայական գնից էլ են թանկ գնահատել: Էլ ո՞վ կգնի: Մտածված են անում: 19 անգամ աճուրդի են հանել: Մինչդեռ ամեն աճուրդից 10 տոկոս պետք է իջեցնեին: Դրա վաճառքից ստացված գումարը մեզ պետք է փոխհատուցեն»,-վրդովվեց Սարգսյանը:
«Հայկական ավիաուղիներ»-ը Սեւանա լճի ափին 26,7 հա հողատարածք ուներ եւ դրանք օրինական պատկանում էին ընկերությանը: Սնանկության գործընթացը սկսվելուց հետո 2008 թվականի հունվարին այս հողերից 18 հա վաճառվեց եւ օդաչուներին մի որոշ մաս գումար տվեցին: Մնացած հողատարածքը աճուրդի է հանված, բայց գնորդ չկա:
Հարկ ենք համարում նշել, որ դեռեւս 2012-ին քաղաքացիական գլխավոր վարչությունը հայտարարեց, որ կառավարությունը չի կարող փոխանցել «Հայկական ավիաուղիներ» ընկերությունում աշխատանքի ընթացքում հաշմանդամ դարձած օդաչուների հիվանդության համար վճարվող գումարները: Չնայած դրան, հաշմանդամ օդաչուները դեռ շարունակում են իրենց պայքարը: Նշենք, որ «Հաշմանդամ օդաչուներ» հկ-ի կազմում ոչ միայն օդաչուներն են, այլեւ ինժեներատեխնիկական անձնակազմը եւ այն կանայք, որոնց ամուսիններն ավիավթարի ժամանակ զոհվել են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս