ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում գործող «Կաստանիետ» պարային ստուդիան օրեր առաջ համերգով հանդես եկավ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարային ստուդիայի ղեկավար Մարիաննա Մամյանն ասաց, որ ցանկալի է հետաքրքրությունը մեծացնել «Կաստանիետ» պարի ու համանուն իսպանական գործիքի նկատմամբ: Առայժմ Մ. Մամյանի հավաստմամբ՝ Հայաստանում «Կաստանիետ» պարի լուրջ դպրոց չկա: Չնայած դրան, պարային ստուդիայի սաները մշտապես համերգային շրջագայություններով են հանդես գալիս ու հաջողություններ արձանագրում: «Մեր ժողովուրդը գնահատում է իսպանական մշակույթը, քանի որ հայերն էլ իսպանացիների նման կրակոտ ժողովուրդ են: Պարզապես պետք է այդ պլատֆորմը ստեղծել, զարգացնել երկու ազգերի մշակույթն ու փոխադարձ շփումները»,-կարծում է ստուդիայի տնօրենը:

Բացի «Կաստանիետ» պարային ստուդիան ղեկավարելուց` Մարիաննա Մամյանը նաեւ Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի հիմնադիր նախագահն է, ով մտահոգվում եւ բարձրաձայնում է մարզային քաղաքների մշակութային խնդիրները` հատկապես Գյումրի քաղաքինը։ «Հունիսի 8-ին մենք Գյումրիում հանդես եկանք «Մշակույթն առանց սահմանների» բարեգործական համերգով: Համերգի նպատակը մեկն է` ամբողջ Սփյուռքը համախմբել մի գաղափարի շուրջ` Գյումրիում ստեղծել Մշակույթի կենտրոն: Մինչ այսօր երեխաները տնակներում են իրենց պարապմունքներն անցկացնում»,-ցավով նշեց ստուդիայի ղեկավարը:
Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 2013 թ-ին Գյումրին հռչակվեց ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք այն դեպքում, երբ առայսօր քաղաքը չունի մշակույթի կենտրոն: «Այդ պատճառով նկարահանվեց 20 րոպեանոց ֆիլմ իրական Գյումրիի մասին, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա` ինչ վիճակ է տիրում քաղաքում»,-մանրամասնեց Մարիաննա Մամյանը:
Սակայն Գյումրին միայն մշակութային խնդիրներ չունի: Ըստ մեր զրուցակցի` Գյումրիից արտագաղթի տեմպերը մտահոգիչ են. «Դուք չեք պատկերացնում` Գյումրիում մի այլ կարգի են արտագաղթի տեմպերը, քանի որ շատ են սոցիալ-տնտեսական խնդիրները: Իսկ եթե կա հացի խնդիր, արվեստի մասին մարդը չի կարող մտածել, հոգեւորն արդեն մղվում է երկրորդ պլան»:
Լինելով պարի ասպարեզի ներկայացուցիչ, Մարիաննա Մամյանը չի կարող անտարբեր մնալ պարի բնագավառում տիրող խնդիրների հանդեպ: Հիմնական հարցը, որը մտահոգում է «Կաստանիետ» պարային ստուդիայի ղեկավարին, այն է, որ մեր պարողները կարողանան կատարելագործվել` մասնագիտական շփումներ ունենալով արտասահմանցի պարողների հետ: «Մեր պարողներն ունեն այդ պոտենցիալը, պարզապես պետք է նրանց հնարավորություն տալ»,-եզրափակեց Մարիաննա Մամյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս