«Էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման առումով ժողովուրդը հուսախաբ նստած է, իշխանությունը վստահություն չի թողել, որ ժողովրդի ձայնը կհասնի տեղ »,-այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այն հարցին, թե ինչու ժողովուրդը ոտքի չի կանգնում` պայքարելու թանկացման դեմ, ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Նույնն էլ՝ Ազգային ժողովում. ընդդիմադիրները ասում են՝ եկե՛ք քննարկենք այսինչ բանը, բայց իշխանությունները, միայն կնոպկա սեղմելով, դակում են օրենքները», – ընդգծեց նա:
Սարգսյանն անհեթեթ է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բերած արդարացումները:
«Իրենց մենեջմենթի պատճառով մենք այսօր տուժում ենք մեծ չափով: Եթե իրենք ասում են՝ 4 ամիս չի աշխատել, նշանակում է՝ դուք պետք է ունենաք ամորտիզացիոն գումար, որ ֆորս-մաժոր իրավիճակում կարողանաք գոյատևել: Հիմնական մեղավորն այն կոռուպցիան է, որը թույլ չի տալիս, որ այս իրավիճակը շտկվի», – նշեց նա` շեշտելով, որ որևէ նորմալ հիմնավորում չկա: