Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են համագործակցության ուղիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Հայկական երկու պետությունների կառավարությունների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բազմաոլորտ համագործակցության սերտացման հեռանկարները եւ ապագա ծրագրերը:

Այնուհետեւ ՀՀ եւ ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը: «Սա իմ առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ որպես վարչապետ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի վարչապետի եւ կառավարության հետ լինելու են շատ ջերմ, աշխատանքային եւ արդյունավետ: Իմ մոտեցումը հետեւյալն է. քննարկումները պետք է լինեն առարկայական, նպատակային, եւ մենք հետամուտ ենք լինելու կայացրած որոշումների իրականացմանը՝ սահմանված ժամկետներում: Մեզ համար շատ կարեւոր է մեր երկրորդ հայրենիքի տնտեսության զարգացումը եւ անվտանգության ապահովումը, եւ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ այդ նպատակով անելու եմ ամեն ինչ», – ողջույնի խոսքում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Գոյություն չունի մի խնդիր, որ ի զորու չլինենք լուծել մեր ապագա միասնական տեսլականի շրջանակում», – իր հերթին հավելել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Հովիկ Աբրահամյանը եւ Արա Հարությունյանը գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Արցախի միջեւ բազմակողմանի հարաբերությունների զարգացման ընթացքից եւ անդրադարձել ըստ ճյուղային նախարարությունների կատարվող աշխատանքներին: Պատասխանատու նախարարները զեկուցել են արդարադատության, էներգետիկայի, գյուղատնտեսության, սոցիալական, ֆինանսական, արտակարգ իրավիճակների ոլորտներում ստորագրված համագործակցության հուշագրերի շրջանակում համատեղ ծրագրերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Նշվել է, որ համագործակցությունն ընդգրկում է լայն շրջանակ՝ օրենսդրական կարգավորումների դաշտից մինչեւ կոնկրետ առարկայական հարցեր, իսկ ձեռնարկվող ծրագրերը հաջող իրականացվում են: Ծագող բոլոր հարցերը քննարկվում են մշտական փոխայցերի շրջանակում, պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ՝ փորձի փոխանակման նպատակով:

«Արցախ աշխարհը պետք է լինի կայուն, անվտանգ եւ ունենա հզոր տնտեսություն: Ես այս զեկույցներից հասկացա, որ մեծ գործ է արվում, եւ նոր կառավարությունը ձեռնամուխ է լինելու կոնկրետ աջակցության ծրագրերի իրականացմանը՝ համագործակցությունը զարգացնելու եւ սերտացնելու նպատակով», – դիմելով ներկաներին՝ ընդգծել է Հայաստանի վարչապետը եւ հորդորել էլ ավելի ակտիվացնել տնտեսական կապերը հայկական երկու պետությունների միջեւ:




Լրահոս