Նյու Յորքի իշխանություններին անհանգստացնում է այն հանգամանքը, որ քաղաքացիները սկսել են հաճախակի համացանցում տեղադրել իրենց լուսանկարները վագրերի հետ: Տղամարդիկ նման սելֆիները տեղադրում են ծանոթությունների կայքերում, որպեսզի իրենց «քաջությամբ» գրավեն թույլ սեռի ուշադրությունը:
Տեղի պաշտոնյաների կարծիքով՝ սրա վերջը լավ չի լինի. տեղեկացնում է Mirror-ը:
Մանհեթենի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Լինդա Ռոզենտալն օրինագիծ է առաջարկել, ըստ որի՝ այդ գիշատիչների հետ լուսանկարվողները կտուգանվեն 500 դոլարի չափով:
«Ես հանդես եմ գալիս վագրերի հետ սելֆիի դեմ: Եթե դուք ցանկանում եք լուսանկարվել կապիկների կամ արջերի հետ, խնդրեմ», – հայտարարել է նա տեղի լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Ամենայն հավանականությամբ, արջերը չեն վայելում նյույորքցիների սերը, և նրանց վրա արգելքը չի տարածվի:
Վերջին 15 տարվա ընթացքում Նյու Յորք նահանգում մի շարք միջադեպեր են գրանցվել, երբ վագրերը փախել են վանդակներից և մարդկանց վնասել: Սակայն շատերը թերահավատորեն են վերաբերվում նորամուծությանը: Անգամ եթե օրենքն ընդունվի, պարզ չէ, թե այն ինչպես է գործելու: Շատ դժվար կլինի ապացուցել, որ վագրի հետ լուսանկարն արված է հենց այդ նահանգում: