Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՏՄՊՊՀ-ն և ՓՄՁ մի շարք ներկայացուցիչներ հանդիպում-միջոցառում էին կազմակերպել, որը նպատակ ունի բարձրաձայնել ՓՄՁ ներկայացուցիչների առաջ ծառացած խնդիրները և դրանց համար լուծում առաջարակել:
Միջոցառմանը ելույթ ունեցած «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը հայտնեց, որ լուրջ խնդիրներ կան ավիաընկերությունների գործունեության մեջ, հատկապես՝ տուրիստական շրջանում: Սեզոնին մեծ շահույթներ ստանալով՝ նրանք խոչընդոտում են տուրիստական ընկերությունների աշխատանքը:
«Մեծ փոփոխություն է սկսում զգացվել գների մեջ: Փոքր տուրիստական ընկերություններից ավիաընկերությունները մեծ թվով գումար են պահանջում, որպեսզի նրանք հնարավորություն ունենան շուկա մտնել»,- ասաց ՀԿ նախագահը:
ՏՄՊՊՀ ներկայացուցիչը, անդրադառնալով ապահովագրական ոլորտին, նշեց, որ նրանք իրենց գործունեությունը կատարում են գործակալների միջոցով, ովքեր ներգրավում են հաճախորդներ:
«Գործակալների նկատմամբ սահմանվում են հատուկ կանոներ, օրինակ՝ ԱՊՊԱ սահմանելիս գործակալները ստանում են տոկոսներ, ինչն արդյունավետ չէ այն դեպքում, երբ պայմանագրեր են կնքվում ռիսկային վարորդների հետ, ինչպիսիք են, օրինակ, տաքսիստները, 23-ից ցածր վարորդները, այսինքն՝ տոկոսը չի ստանում ընկերությունը: Մենք այս խնդիրն ուշադրության կենտրոնում կպահենք»,- ասաց հանձնաժողովի ներկայացուցիչը:
Այս պահին ընդմիջում է, որին կհաջորդի միջոցառման 2-րդ փուլը: