Գառնու հեթանոսական տաճարի շուրջ ծավալվող կրքերը չեն հանդարտվում: Դեռ չէր ավարտվել տաճարի տարածքում սպասվող սրճարանակառուցման թեման, հիմա էլ դրամաշորթեր են հայտնվել այնտեղ:
Իհարկե, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով գոնե մեկ անգամ առիթ ունեցել է լինելու Գառնու հեթանոսական տաճարում, ձոր իջնելու համար հաստատ վճարել է գումար: Այլապես նրան չէին թողնի վայելել գեղատեսիլ Գառնին՝ ներքևից: Պարզվում է՝ այդ գումարները շորթվել են միանգամայն ապօրինի կերպով:
armlur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Գառնու ձորում գտնվող Գառնիի սանիտարական գոտին պատկանում է «Երևանջուր» ՓԲԸ-ին: Այս ընկերությունը, սակայն, որևէ առնչություն չունի գանձվող գումարների հետ: Իրականում Գառնի գյուղի բնակիչ Շմավոն Համբարձումյանն է ինքնագլուխ իր 90-ամյա հոր միջոցով ապօրինի կերպով պարբերաբար գումարներ գանձել Գառնու ձորի գեղատեսիլ վայրեր այցելող քաղաքացիներից եւ զբոսաշրջիկներից: Հայր ու որդի Համբարձումյանները արգելապատնեշ (шлакбаум) են դրել ձորի մուտքի մոտ և տարբեր չափի գումարներ հավաքել: Շմավոն Համբարձումյանը պատճառաբանել է, թե այդ գումարները պարտավոր են վճարել իրեն, քանի որ տարածքն իր սեփականությունն է: Սակայն իրականում նման բան չկա: Գառնու ձորում հայր ու որդի պարզապես «ռեկետ» են արել:
Ավելին, armlur.am-ը պարզեց, որ այս խնդրով արդեն զբաղվում է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը՝ հորդորելով Շմավոն Համբարձումյանից տուժածներին դիմել Կոտայքի կամ ՀՀ ոստիկանության մոտակա բաժին: