Որտեղի՞ց և ո՞ր թմրամիջոցներն են ներկրվում Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը պահանջում է միասնական մոտեցում, հստակ ռազմավարություն և, ամենակարևորը, ուժեղ կամք՝ այդ չարիքի դեմ պայքարելու և արմատախիլ անելու համար:

Այս համոզմանն է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանը, ում փոխանցմամբ` 2014թ. հինգ ամիսներին ՀՀ-ում իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության 443 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 331-ի դիմաց:

Հայտնաբերված 443 դեպքից 244-ը վերաբերում են թմրամիջոցների ապօրինի իրացմանը, իսկ 199-ը՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը՝ առանց դրանց իրացնելու: Նշված գործերով քրեական պատասխանատվության է ենթարկվել 166 անձ, որոնցից 5-ը եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

Տիգրան Սահակյանի փոխանցած տվյալների համաձայն` այս 5 ամիսների ընթացքում հայտնաբերվել են կոկային, մեթադոն, հերոին, սուբոտեքս տեսակի դեղահաբեր, ափիոն, ամֆետամին, մետանֆետամին, կոդեին, մարիխուանա, հաշիշի յուղ, կանեփի թուփ, կակաչի ծաղիկ, դեզոմորֆին, ինչպես նաև՝ տարբեր տեսակի այլ դեղահաբեր:

«Հանրապետությունում թմրամիջոցների սև շուկայում հիմնական թմրամիջոց է համարվում սուբոտեքս դեղահաբը, որը ներկրվում է եվրոպական տարբեր երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից: Միայն այս տարվա 5 ամիսներին հայտնաբերվել է ներկրման 11 դեպք»,- հայտնեց Սահակյանը և հավելեց, որ այս դեղահաբը եվրոպական բոլոր երկրներում օգտագործվում է որպես ալկոհոլի բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոց, սակայն մեր հանրապետությունում այս դեղահաբերի շրջանառությունն արգելված է:

Ոստիկանության կողմից հսկողություն է իրականացվում նաև մեթադոնային բուժման ծրագրում ընդգրկված անձանց նկատմամբ, և այսօր նշված բուժման ծրագրում նարկոլոգիական հիվանդանոցում հաշվառված է 264 անձ, որից 230-ը՝  Երևանում, 22-ը՝ Վանաձորում, իսկ 12-ը՝ Գյումրիում:

Բանախոսը հայտնեց նաև, որ Հայաստանում սուբոտեքս տեսակի դեղահաբերը ներմուծվում են Ֆրանսիայից, հերոինը, ափիոնը մետամֆետամին տեսակի թմրամիջոցները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, հերոին ներմուծվում է նաև Թուրքիայից, կոկայինը՝ Դոմինիկյան Հանրապետությունից:




Լրահոս