ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ամենաակտուալ թեման ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերն են: Մեր հայտնիները նույնպես հետեւում են ֆուտբոլային անցուդարձին, բուռն քննարկումներ եւ գրառումներ են անում նաեւ համացանցում,գուցեեւ խաղադրույթներ են անում: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե որ թիմի խաղերը երբեք բաց չեն թողնում հայ հայտնիները եւ որ թիմն է նրանց ֆավորիտն այս անգամ:

Արտավազդ Ամիրյան. շոումեն
-Պատանեկության տարիներին միշտ ակտիվ եմ եղել, հաճախ մասնակցել եմ տարբեր բակային խմբակային խաղերի, առաջնությունների` թե՛ ֆուտբոլի, թե՛ բասկետբոլի: Հիմա զբաղվածության պատճառով շատ հաճախ չեմ կարողանում հետեւել խաղերին, բայց երբ ստացվում է` անպայման նայում եմ: Եղել են դեպքեր, երբ ընկերների հետ ինչ-որ խաղ ենք նայել եւ հետաքրքրության համար խաղադրույք ենք արել. չնայած չէի ասի, որ այդ առումով հետաքրքիր ու ֆուտբոլամոլ մարդ եմ (ծիծաղում է): Ես միշտ երկրպագել եմ ընդամենը մեկ թիմի` Հայաստանի հավաքականին. ինձ համար ոչ մի խաղ այդքան հետաքրքիր չի եղել, որքան Հայաստանի խաղերը: Այս տարվա խաղերի վերաբերյալ դժվարանում եմ կանխատեսումներ անել, քանի որ անհավանական իրադարձություններ հաճախ են լինում: Այնուամենայնիվ, խաղերն ինձ ապշեցնում են իրենց բարձր որակով, գոլերի քանակությամբ եւ ֆանտաստիկ գեղեցիկ գոլային հարվածներով, իսկ թե ով կհաղթի` չեմ կարող որեւէ բան ասել:

Գոռ Հարությունյան. հաղորդավար
-Հետեւում եմ այս տարվա խաղերին, բայց քանի որ ուզում եմ նյարդերս խնայել, փորձում եմ շատ զուսպ վերաբերվել պարտություններին, իսկ հաղթանակների դեպքում էլ ուղղակի լավ եմ զգում, որ նախընտրածս թիմը հաղթեց: Հիշում եմ՝ մանկության տարիներին ֆուտբոլ խաղալիս միշտ դարպասապահ եմ եղել, երեւի պատճառը անվստահությունս էր: Թիմին երկրպագելիս էլ հետեւում էի հայրիկիս ու ավագ եղբորս օրինակին, ովքեր Բրազիլիայի հավաքականի մեծ երկրպագուներ են: Երեւի հենց նրանց պատճառով է, որ Արգենտինայի հավաքականի հանդեպ այլ վերաբերմունք ունեմ, չնայած որ այնտեղ խաղում է Մեսսին: Հիմա կոնկրետ ֆավորիտ չունեմ, բայց երկրպագում եմ Բրազիլիայի, Իսպանիայի, Գերմանիայի թիմերին. հենց այս նույն հերթականությամբ: Խաղադրույքներ երբեք չեմ արել, չնայած կարող էի. մեր թաղամասում կա բնակիչ, ով խաղադրույք անելուց առաջ միշտ խորհրդակցում է հորս հետ եւ շատ հաճախ հաղթում է: Կարծում եմ՝ նաեւ ֆեյսբուքում ավելի ակտիվ կլինեմ 1/8 եզրափակչից սկսած, կկիսվեմ գրառումներով, առայժմ հասցնում եմ միայն ընթերցել:

Սոս Ջանիբեկյան. դերասան
-Խաղերին մեծ մասամբ հետեւում եմ, միշտ երկրպագել եմ Անգլիայի հավաքականին, իսկ երկրագնդի վրա բացառիկ ֆուտբոլիստ Մեսսիին երկրպագելու եւ Մարադոնայի շունչը զգալու համար` նաեւ Արգենտինային: Մանկության տարիներին աննորմալի պես եմ սիրել բակում ֆուտբոլ խաղալ, կոտրվածքներ ու վերքեր եմ ստացել միայն ֆուտբոլից: Եթե այդ օրը բակում ֆուտբոլ պիտի խաղայինք, ապա ծնողներս արդեն պատրաստ էին իմ` շատ ուշ տուն գալուն ու հաստատ՝ վերքերով (ծիծաղում է): Խաղադրույքներ անում եմ միայն այն դեպքում, երբ ակնհայտ երկրպագում եմ տվյալ թիմին կամ խաղացողին. ուրախությունս նաեւ ճիշտ խաղադրույք անելու եւ հաղթելու գաղափարով եմ կրկնապատկում:

Վիգեն Մնոյան. լուսանկարիչ
-Ժամանակին ֆուտբոլի մոլի երկրպագու էի, բայց վերջին տարիներին ավելի քիչ եմ նայում, ֆեյսբուքում էլ ակտիվ չեմ ֆուտբոլային գրառումներ անելու առումով: Հիշում եմ, երբ Զիդանն էր խաղում, անպայման երկրպագում էի արքայական ակումբին, մանավանդ, երբ խաղում էին Զիդանն ու Ֆիգուն: Այս տարվա խաղերի վերաբերյալ դժվարանում եմ կանխատեսումներ անել, բայց իմ ֆավորիտը երեւի Բրազիլիան է:

ԱՆՈՒԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ




Լրահոս