ԱՖՐԻԿՅԱՆՆԵՐԻ ՇԵՆՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցչի հրահանգով՝ երեկ դադարեցվեց Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը: Երեկ առավոտյան, երբ բանվորները սկսել են ապամոնտաժման աշխատանքները, ակտիվիստները սկսել են խանգարել աշխատանքներին, ինչի արդյունքում նրանցից մեկը՝ Սոնա Ասատրյանը, ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ՝ ազատ արձակվել: «Ժողովուրդ»-ը նախկինում գրել էր, որ ըստ շրջանառվող լուրերի՝ շենքի տեղում նախատեսվում է հյուրանոց կառուցել, որը կապված է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ:

Հիշեցնենք, որ Տերյան 11 հասցեում գտնվող Երեւանի ամենահին ընտանիքներից մեկի՝ Աֆրիկյանների տունն ընդգրկված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները պնդում են, որ շենքը չի քանդվելու, այլ՝ ապամոնտաժվելու է, համարակալված է ու նույնությամբ վերականգնվելու է «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում: Երեկ ՀՀ մշակույթի նախարարությանը կից հուշարձանների պահպանության գործակալության պետ Կարո Այվազյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ապամոնտաժումն իրականացնող «Միլենիում քընսթրաքշն» ընկերությունը Մշակույթի նախարարությանը պետք է մեկ օր առաջ նամակով տեղեկացներ ապամոնտաժման աշխատանքները սկսելու մասին եւ ստանար թույլտվություն, սակայն դա չի արել, ինչի պատճառով էլ դադարեցվել են ապամոնտաժման աշխատանքները: Նշենք նաեւ, որ երեկ Աֆրիկյանների շենքի մոտ էր եկել «Հին Երեւան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը: Չնայած ակտիվիստների համառությանը, ճարտարապետը հայտարարեց, որ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման աշխատանքներն իրականացվելու են իր անմիջական հսկողությամբ եւ սահմանված ժամկետում:
Երեւանի քաղաքապետարանը «Ժողովուրդ»-ին գրավոր պատասխանել էր նաեւ Պուշկինի փողոցի 25 հասցեում գտնվող կիսաքանդ շինության հետագա ճակատագրի վերաբերյալ հարցմանը, ըստ որի՝ այդ տեղում նախատեսվում է իրականացնել 2 ստորգետնյա եւ 17 վերգետնյա հարկերով հյուրանոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս