ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՊԱՊԱՆ» ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը` Թունելի Հակոբը,  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ԱԺ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն անպայման առաջադրելու է: Նա նշեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն իր 12 տարվա ընկերն է, բայց վերջերս նրան չի հանդիպել:
-Պարո՛ն Հակոբյան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Ձեր թեկնածությունն առաջադրելո՞ւ եք:
-Այո՛, առաջադրվելու եմ:
-Իսկ Հանրապետական կուսակցությունում Ձեր առաջադրման հարցը քննարկվե՞լ է:
-Ո՛չ, ՀՀԿ-ն դեռեւս նման քննարկում չի կազմակերպել, երբ որ կկազմակերպի,  նոր Ձեր հարցի պատասխանը Դուք կստանաք: Բայց ես հստակ որոշել եմ, որ ես իմ թեկնածությունն առաջադրելու եմ:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր վերընտրվելու շանսերը:
-Ես կարծում եմ` պետք է պայքարել, իսկ մնացածի վերաբերյալ ժողովրդի՛ն հարցրեք, իմացե՛ք. ես դրա մասին չգիտեմ:
-Շաբաթ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը Գավառ էր գնացել, որտեղ գավառցիներին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանին եւ նշեց, որ նա է լինելու իրենց թեկնածուն այդ ընտրատարածքում: Ինչո՞ւ Ձեր մասին ոչինչ չասվեց:
-Ես այդ ժամանակ գտնվում էի Երեւանում` իմ տանը, ու որովհետեւ ես այնտեղ ներկա չեմ եղել, դրա համար էլ իմ մասին ոչ մի բան չեն ասել: Այնպես էր եղել, որ ես չէի կարող գնալ Գավառ: Ոչ մի բան դրա տակ մի՛ տեսեք, անկեղծ եմ ասում, հավատացե՛ք:
-Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը համարվում էր Ձեր քաղաքական «պապան»: Հնարավո՞ր է, որ նրա պաշտոնաթողությունից հետո Ձեզ չթույլատրեն դառնալ պատգամավոր, քանի որ այժմ Ձեր «թիկունքին» հզոր մարդ չկա:
-Կարեն Կարապետյանն առաջինը եղել ա իմ ընկերը,  եւ իմ ու Կարեն Կարապետյանի միջեւ քաղաքական հայր կամ պապա հարաբերություններ գոյություն չեն ունեցել, մենք իրար հետ 12 տարի Ազգային Ժողովում ենք եղել: Եթե Դուք նայեք իմ կենսագրականը, ես միշտ ընտրվել եմ մեծամասնականով Գեղարքունիքի մարզում եւ նույն ընտրատարածքում  էլի առաջադրվելու եմ: Եթե Դուք փորձում եք իմ եւ Կարեն Կարապետյանի միջեւ ուղղակի լարում մտցնել, ասեմ, որ դա անիմաստ է: Մենք գոնե 12 տարվա ընկերներ ենք եղել:
-Իսկ Ձեր 12 տարվա ընկեր Կարեն Կարապետյանն այժմ որտե՞ղ է գտնվում, ինչո՞վ է զբաղված, եւ ի վերջո, ե՞րբ եք նրան վերջին անգամ տեսել:
-Վերջերս իրեն չեմ տեսել, ես ինձ թույլ չեմ կարող տալ էդ մարդու անձնական գործերին խառնվեմ, հարցնեմ, թե ինչով է զբաղված, վերջերս չեմ տեսել:
-Ձեր տեղեկություններով` Կարեն Կարապետյանն ի՞նչ մտադրություն ունի, հնարավո՞ր է` առաջադրի իր թեկնածությունը, բայց ոչ ՀՀԿ-ի կողմից:
-Ես էլի եմ խոսել դրա մասին, ես ասել եմ եւ կրկնում եմ, որ Կարեն Կարապետյանը պետական-քաղաքական գործիչ է, նրա էներգիան շատ է, եւ այդ էներգիան կներդնի, նա չի կարող չլինել քաղաքականության մեջ: ՀՀԿ-ի հետ կապված բան չգիտեմ:
-Կարեն Կարապետյանը հրաժարական տալու ժամանակ հայտարարեց, որ տնտեսական-քաղաքական խնդիրների հետ կապված` ինքը տարաձայնություններ ունի, հնարավո՞ր է, որ նա քաղաքականություն մտնի այդ տնտեսաքաղաքական իրավիճակը փոխելու համար:
-Ես ինձ թույլ չեմ տվել Կարեն Կարապետյանին հարցնեմ, թե դու ինչու ես հրաժարվում, որովհետեւ գտնում եմ, որ դա էթիկայի կանոններից դուրս է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս