ԵՐԲ ԾԱՂՐՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է պարզապես ծաղրել ժողովրդին: Բավարար չէր տարեվերջին ժամկետանց ձեթի հետ կապված պատմությունը, հիմա էլ ուշագրավ պատմություն է բացահայտվում նախօրեին կառավարության նիստում դրական եզրակացություն ստացած, իսկ երեկ` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն արժանացած Հարկային փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն «աչքալուսանք էր տվել». ՀՀԿ-ն ներկայացրել է հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթ, որով առաջարկում է զիջել որոշակի ժամանակահատվածում հողահարկն ու գույքահարկը, ինչպես նաեւ դրա արդյունքում առաջացած տույժերը եւ տուգանքները. խոսքը 43 մլրդ դրամի մասին է:
Այս նախագծի վերաբերյալ բավական հետաքրքրաշարժ մանրամասներ են ի հայտ գալիս: Երկու օր է` ՀՀԿ-ականներն ամեն գնով հերքում են տեսակետները, որ այն կապված է նախընտրական գործընթացների հետ, եւ ըստ էության, այդպես ՀՀԿ-ն հասարակության մի հատվածին ընտրակաշառք է տալիս պետական մակարդակով: Իսկ որպես հիմնավորում նախագծի հեղինակները բերում են հանգամանքը, թե իրենք այն գրել ու շրջանառության մեջ են դրել դեռ 2009թ.: Բայց իրենց հերքումներով ավելի են հիմնավորում առկա կարծիքը: Այսինքն` ստացվում է, որ իշխող ՀՀԿ-ն այս նախագիծն ԱԺ օրակարգում 3 տարի պահելուց հետո ընտրությունների նախաշեմին է ընդունում: Այլապես նրանք կարող էին օրինագիծը քառօրյա նիստերի օրակարգ մտցնել 2009, 2010, 2011թթ. ընթացքում, այլ ոչ թե ընտրություններից 2 ամիս առաջ հետամուտ լինում` այն խորհրդարանում քննարկելու եւ ընդունելու հարցում:
Սակայն սա դեռ ամենը չէ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում պարզվեց` զիջելու են մինչեւ 2008թ. հունվարի 1-ը կուտակված հարկերը, ինչպես նաեւ դրանից հետո գոյացած տույժերն ու տուգանքները: Ահա այստեղ էլ բացահայտվում է մեկ ուրիշ զավեշտ. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի համաձայն` երեք տարվա վաղեմության հարկային պարտավորությունները կարող են պարզապես չկատարվել: «Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո»,-ասված է «Հարկերի մասին» օրենքի 30 հոդվածի 1-ին մասում: Ավելին, այս տարիների ընթացքում ՀՀ դատարանները բազմիցս վճիռներ են կայացրել հօգուտ պարտատիրոջ` մերժելով այն բոլոր հայցերը, որոնցով պատկան մարմինները պահանջել են բռնագանձել 3 տարուց ավելի վաղեմություն ունեցող հարկային պարտքը:
Փաստորեն, այս նախագծով իշխանություններն` ի դեմս ՀՀԿ-ի, օգտվելով ժողովրդի անտեղյակությունից, պարզապես մոլորության մեջ են գցում նրանց ու ցույց տալիս, թե մտածում են հասարակության մասին, դեռ ավելին, զիջում մարդկանց պարտքերը: Մինչդեռ իրականում ոչինչ էլ չեն զիջում, ընդամենը կիրառվում է օրենքը: Եւ կատարվածն ընդամենը պարզ աճպարարություն է: Ասվածն անուղղակի ապացուցեցին նաեւ մարզպետերը, որոնց հետ զրուցեց «Ժողովուրդ»-ը: Բանն այն է, որ կառավարությունը հարկերը զիջում է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների հաշվին. հողահարկն ու գույքահարկը գնում է ՏԻՄ բյուջե, եւ հիմա այդպես նրանք ՏԻՄ-երին զրկում են նախատեսված եկամտի մի մասից: Երբ այս հարցը տվեցինք Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանին, վերջինս պատասխանեց, թե այդ գումարներն «անհուսալի պարտքեր էին»: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ նշեց, որ խոսքը վերաբերում է մինչեւ 2008թ. գոյացած հարկային պարտքին եւ 2008թ. հետո գոյացած տուգանքներին: «Այդ տարիների ընթացքում կան մարդիկ, որ մահացել են, կան` այլեւս Հայաստանում չեն, բայց պարտքերը մնացել, գումարվել են: Իսկ այս օրենքը նպատակ ունի չեղյալ հայտարարելու այդ պարտքերը, մանավանդ որ այդ գումարները դժվար թե երբեւէ մարվեն»,-մեկնաբանեց նա: Այսինքն` իրականում ոչինչ էլ չեն զիջում:
Ինչ վերաբերում է 2008թ. հետո գումարված տույժերին ու տուգանքներին, ապա «Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում գրել էր, որ այսպիսով ՀՀԿ-ն իր քարոզարշավի համար ծառայեցնում է իշխանական լծակները, իսկ ՀՀ պետբյուջեն վերածել են ՀՀԿ նախընտրական հիմնադրամի եւ ընտրակաշառք են բաժանում պետական մակարդակով:
Ի դեպ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում այս նախագծի քննարկումը հանգիստ չանցավ: Այն քննադատեց ոչ միայն ՀՅԴ-ական Արա Նռանյանը, այլեւ ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, ով դա որակեց նախընտրական ընտրակաշառք: Իսկ մեկ այլ ԲՀԿ-ական` Գոհարիկ Ենոքյանն էլ առաջարկեց ՀՀ-ում ընտրությունները կազմակերպել 2 տարին մեկ անգամ, որպեսզի գոնե այդ ժամանակ հանդես գան նման նախաձեռնություններով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս