ՊՈՒՏԻՆԸ ԽԱՌՆԱՇՓՈԹ ԷՐ ԱՌԱՋԱՑՐԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ վաղ առավոտից, Երեւանում եւ Գյումրիում ոստիկանությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ բերման ենթարկելու օպերացիային էր զարկ տվել: Ու սա եւս տվեց իր արդյունքը, եւ հակապուտինյան շարժումը սպասվածից ավելի աղմկոտ ստացվեց:
«Ոչ Պուտինին, ոչ պուտինիզմին», «Հետամնաց Ռուսաստանը մեզ ապագա չէ», «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Ազատվենք Սերժիկներից», «Դեպի բարիկադներ», «Ազատ անկախ Հայաստան», «Ոչ մաքսային գաղութացմանը». երեկ՝ գիշերվանից, նման բովանդակությամբ ցուցապաստառներ էին փակցվել Երեւանի եւ Գյումրու փողոցներում:
Եվ այսպես, մինչ վաղ առավոտյան Սերժ Սարգսյանը Երեւանում մասնակցում էր «Միացյալ խաչ» հուշարձանի բացման արարողությանը: Ժամը 11:00-ից Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց: Ազգային ժողովի դիմաց «Դեմ ենք պարտադիրին» ցուցապաստառներով ակցիա էին կազմակերպել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող մի խումբ ակտիվիստներ:
Իրավիճակը բարդ էր նաեւ hասարակական տրանսպորտի դեպքում: Մի շարք երթուղայիններ փոխել էին իրենց ուղղությունը, ինչը քաղաքացիների դժգոհության առիթ էր դարձել: Շատերը ստիպված էին եղել ոտքով հասնել աշխատավայր: Իսկ ահա Բաղրամյան պողոտայում գտնվող Չեխովի դպրոցի աշակերտների ծնողներին ոստիկաններն արգելել էին դպրոցի մուտքի մոտ մեքենա կայանել եւ երեխաներին տուն տանել:
Երեւանի Ազատության հրապարակից սկսվեց «կռիվ կինոն»: Մի խումբ ակտիվիստներ, որոնց մեջ էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, Ազատության հրապարակից երթ էին կազմակերպել դեպի Հանրապետության հրապարակ: Ոստիկանությունն անդադար կրկնում էր, որ ակցիայի մասնակիցների գործողություններն անօրինական են: Իրավիճակը հսկում էին Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ակտիվիստներին հաջողվեց քաշքշուկից եւ երկար բանակցություններից հետո հասնել կառավարության շենք ու մի շարք կազմակերպությունների անունից կառավարությանը հանձնել նամակ, որով իրենք դեմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Հանձնելով նամակը՝ բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին երթով շարժվել Բաղրամյան պողոտա: Արդյունքում՝ Տիգրան Մեծի պողոտայում նրանց ու ոստիկանների միջեւ սկսվեց բախում, որից հետո մի խումբ ակտիվիստներ բերման ենթարկվեցին ոստիկանություն: Նույնը կրկնվեց նաեւ Նալբանդյան փողոցում:
ՀՀ նախագահի նստավայր տանող, Բաղրամյան պողոտա մտնող բոլոր ճանապարհները փակ էին: Անգամ ժամը 16:00-ի սահմաններում որեւէ քաղաքացու մուտքը Բաղրամյան պողոտա արգելված էր. այնտեղ հայտնվողներին կա՛մ բերման էին ենթարկում, կա՛մ մեկուսացնում:
Ի դեպ, երեկ եւս մայրաքաղաքի կենտրոնական շատ փողոցների դիտահորերի կափարիչները եռակցման եղանակով փակվել էին:
Հավելենք, որ երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ բերման է ենթարկվել 110 հոգի, այդ թվում՝ լրագրողներ, որոնց մի մասի նկատմամբ բռնություն է կիրառվել:

                                                                  ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս