Ո՞ՒՄ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՍԵՑ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանին սատարելու մասին Մանվել Գրիգորյանի հայտարարությունը  երկրապահների շրջանում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Ոչ բոլորն են, մեղմ ասած, համակարծիք իրենց ղեկավարի հետ, սակայն ուշագրավն այն է, որ շատ շարքային երկրապահներ խուսափում են բարձրաձայն խոսել այդ մասին:
Մարդիկ, որոնք կռվել են ժամանակին եւ համարվում են մեր հասարակության ամենախիզախ շերտը, թվում է` պետք է նույնքան համարձակ կերպով հայտնեին իրենց կարծիքը: Սակայն դա այդպես չէ: Իսկ ինչի՞ց կամ ումի՞ց են վախենում շարքային երկրապահները, ինչո՞ւ են այդքան կաշկանդված, եթե անգամ համաձայն են գեներալ Մանվելի արտաբերած հաճոյախոսությունների հետ, կամ համաձայն չեն, ինչո՞ւ չեն ուզում ազատորեն ասել այդ մասին: Շիրակի մարզի շատ ազատամարտիկներ չցանկացան խոսել այդ թեմայի վերաբերյալ, «համարձակներից» ոմանք նեղսրտած պատմեցին, որ գեներալի ասածն օրենք չէ իրենց համար, որովհետեւ շարքային երկրապահի կարծիքը որեւէ մեկը չի էլ հարցրել, բայց ժամեր անց որոշեցին խնդրել` հանկարծ չհրապարակել իրենց անունը, որովհետեւ ավելորդ գլխացավանք չեն ուզում ունենալ: Ոմանք էլ պնդեցին, թե իրենց գեներալը եթե մի բան ասել է, ուրեմն իրենք պարտավոր են հրամանատարի հրամաններն առանց վերլուծելու եւ մտածելու ի կատար ածել: Ճիշտ այնպես, ինչպես ռազմի դաշտում:  
Շիրակի մարզում երկրապահների երկու թեւ կա` մեկը գեներալամետ հատվածն է, մյուսը` նրանք, որոնք համախմբված են ՀԱԿ ներկայացուցիչ Աշոտ Զաքարյանի շուրջ: Նա ժամանակին ինքն էր գլխավորում տեղի ԵԿՄ կառույցը, բայց քանի որ անցավ տերպետրոսյանական ճամբար եւ ձերբակալվեց, ԵԿՄ կառույցի ղեկավարումն անցավ այլոց: Աշոտ Զաքարյանից տեղեկացանք, որ իրեն ԵԿՄ համագումարին չեն էլ հրավիրել, ասում է` հրավիրելու դեպքում էլ չէր գնա, որովհետեւ այլ, ավելի կարեւոր հարցեր կան Հայաստանում, որոնք արժանի են քննարկման: Ուշագրավն այն է, որ ԵԿՄ վարչության նախագահի հայտարարության վերաբերյալ Աշոտ Զաքարյանն էլ է շատ զգույշ խոսում: Ասում է` գեներալն իր կարծիքն է հայտնել, ոչ թե ԵԿՄ-ի. «Դա ընդամենը մասնավոր կարծիք էր: Ես այս օրերի ընթացքում զրուցել եմ ԵԿՄ տղաների հետ, եւ նրանք էլ գտնում են, որ դա չպետք է դիտարկել որպես ԵԿՄ պաշտոնական դիրքորոշում: Բայց նույնիսկ եթե համագումարը պաշտոնական որեւէ բանաձեւ ընդուներ` այս կամ այն քաղաքական ուժին սատարելու վերաբերյալ, միեւնույն է, դա չէր կարող արտացոլել ողջ սպեկտորի կարծիքը: «Երկրապահ»-ում այսօր խիստ քաղաքականացված ազատամարտիկներ կան, որոնք կոնկրետ ներկայացնում են այս կամ այն քաղաքական ուժը` ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ այլն: Այս տեսանկյունից նշված հայտարարությունը պետք է դիտարկել որպես զուտ մասնավոր կարծիք»: Հարցին, թե այդ դեպքում ինչու է հայտարարությունը հնչել ԵԿՄ անունից, չէ՞ որ Մանվել Գրիգորյանը կարող էր ասել, որ ինքն իրավասու է միայն իր տեսակետը արտահայտել, Աշոտ Զաքարյանը պատասխանեց. «Ճիշտ կլինի այդ հարցն ուղղել հենց իրեն»:
Անկախ տեղի ունեցածից` Աշոտ Զաքարյանը չի պատրաստվում դուրս գալ ԵԿՄ կազմից, քանի որ ԵԿՄ-ն համարում է «Սպարապետ Վազգենից մնացած միակ կառույցը, որը կապված է նրա անվան հետ»:
Զրուցեցինք նաեւ Շիրակի մարզի ԵԿՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանի հետ: Վերջինս փոխանցեց, որ այսօր մարզից ԵԿՄ անդամ են շուրջ 3000 ազատամարտիկներ, սակայն գեներալի հայտարարությունից հետո ինքը չի լսել որեւէ դժգոհություն. «Գեներալ Մանվելն ասել է, որ սատարելու ենք մեր մարտական ընկերոջը, ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Որեւէ տարաձայնություն չկա, որեւէ մեկը երկրապահներից չի դժգոհել այդ հայտարարության վերաբերյալ: Բոլորը միահամուռ են այդ հարցում եւ սատարում են Սերժ Սարգսյանին»: Յուրա Ալեքսանյանը ստահոդ է համարում այն տեղեկությունները, թե ԵԿՄ որոշ անդամներ որոշել են դուրս գալ ԵԿՄ կառույցից կամ որ արդեն հետ են տվել անդամատոմսերը: Ըստ նրա` մարզում, համենայնդեպս, նման դեպք չի արձանագրվել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս