Քոչարյանը զբաղված է ինքնաքննադատությամբ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախագահ Քոչարյանի պարբերական անդրադարձները մեր իրականության առավել ցավոտ խնդիրներին, հասկանալի պատճառներով, կարող էր Քառյակի հետ կազմակերպված համագործակցության տպավորություն ստեղծել: Այնուամենայնիվ, մեր եւ Քառյակի միջեւ համագործակցություն չկա, եթե այդպիսին չհամարենք քննադատական վերաբերմունքը իշխանության կողմից վարվող քաղաքականությանը տարբեր ուղղություններով»,-երեկ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Փաստորեն, թեեւ Քոչարյանը չի համագործակցում Քառյակի հետ, սակայն նրա տեսակետը լիովին համընկնում են ոչ իշխանական այդ ուժերի հայտնած գնահատականների հետ:

Իսկ սա ուշագրավ է այն առումով, որ երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերադառնալով հրապարակային քաղաքականություն, սկսեց սուր քննադատության ենթարկել գործող իշխանություններին, նույն Քոչարյանն ամենավիրավորական բառերով էր արձագանքում նրան, նույնիսկ ծաղրում:

Հիշո՞ւմ եք. Տեր-Պետրոսյանին նա մեղադրում էր քիրվայության, դավաճանության, վատ տեսողություն ունենալու մեջ՝ կանխագուշակելով նրա շարքային ընդդիմադիրի ապագան: Իսկ Տեր-Պետրոսյանի քննադատության սրությունն ու հնչեցրած գնահատականներն՝ ուղղված Քոչարյանին եւ Սարգսյանին, այս տարիների ընթացքում, ըստ էության, նույնն են մնացել: Ու այսքանից հետո կարելի է ասել, որ Քոչարյանն է «դարձի եկել», սկսել է քննադատել իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանի իշխանության վարած քաղաքականությունը:

Ասել է թե` ՀՀ երկրորդ նախագահը զբաղված է ինքնաքննադատությամբ, ինչը ողջունելի է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս