Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ դատարանը խորհրդակցական սենյակում պետք է քննարկեր ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը` Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին:
Դատարանը որոշեց միջնորդությունը չբավարարվել: Ապա մեղադրող կողմը ներկայացրեց ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները:
Այսպես, Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Դատարանը հարցրեց Շանթ Հարությունյանին` արդյոք պարզ է նրա համար մեղադրական եզրակացությունը, ինչին Շանթ Հարությունյանը պատասխանեց, որ ինքը չի լսել մեղադրողի եզրակացությունը, քանի որ իր համար ամեն ինչ պարզ է: Ապա, ասաց. «Երբ որ սկսեցիք կարդալ, մի դեպք հիշեցի» և պատմեց դեպքը՝ ինքը պետք է ոչ թե Մաշտոցի պողոտայում իրականացներ պայթյունը, այլ՝ նախագահականի դիմաց, և հայտնեց, թե փոշմանում է, որ իր որոշածը չի ստացվել:
Մեղադրողը ներկայացրեց Ալբերտ Մարգարյանի մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:
Նախագահողի հարցին` հասկանալի էր մեղադրանքը, որն առաջադրվել է իրեն, պաշտպանն ասաց, որ հասկանալի չէ, ապա նրա պաշտպանը հարց ուղղեց, թե ինչ է նշանակում չարտոնված: Ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց:
Պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ կան փաստական և իրավական կողմեր, և խնդրեց, որ պարզաբանում ստանալու ցանկություն հայտնողները ստանան պատշաճ մանրամասնում, ինչին դատարանը պատասխանեց, որ պարզաբանումներ տրվում են ոչ թե պաշտպաններին, այլ՝ ամբաստանյալներին:
Ալեք Պողոսյանին առաջադրված մեղադրանքը ներկայացնելով` մեղադրողը հայտնեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանին դիմադրություն ցույց տալով:
Նախագահող դատավոր Մարտիրոսյանը հարցրեց` հասկանալի է մեղադրանը, որը նրան է առաջադրվել, Պողոսյանն ասաց. «Սերժ Սարգսյանը և Գագիկ Հարությունյանը, լինելով բարձրաստիճան պաշտոնյաներ` կատարում են այն, ինչ թելադրում է Ռուսաստանը: Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ինքը ծառայում է իր հայրենիքին` նկատի ունենալով խորհրդային հայրենիքը: Ես էլ տեսնելով, որ մեր երկիրը սպասարկում է այլ երկրների շահերը պաշտպանելու համար, դուրս եմ եկել պաշտպանելու իմ հայրենիքը: ՀՀ-ում ընտրությունը կատարվում է վատի և վատագույնի միջև, իսկ ես ուզում եմ, որ լինի լավի և լավագույնի միջև: Զզվելի արարք է, որ մի մարդ ուզում է կեղծիքով, ընտրակաշառքով ընտրություն անի և ընտրվի, ասում են՝ քցեք: Ես չեմ ուզում նման արժեքներ քարոզող նախագահ ունենալ»,- ինչը ներկաները ծափահարությամն ընդունեցին:
Նախագահողն ասաց, որ հետագայում նրան հնարավորություն կտրվի ցուցմունք տալ, իսկ հիմա ընդամենը պետք է ասի` իրեն մեղավոր ճանաչում է, թե՝ ոչ: Ամբաստանյալն ասաց, որ ինքը ասել է, թե ինչու իրեն մեղավոր չի ճանաչում:
«Մեղավոր չեմ ճանաչում, պա՞րզ չի»,- ասաց ամբաստանյալը:
Արմեն Հովհաննիսյանն առաջարկեց դատարանին չկարդալ իրեն մեղսագրվող արարքը, որպեսզի ժամանակ չանցնի, այլ միանգամից ասի իր դիրքորոշումը, սակայն դատարանն ասաց, որ կարգի համաձայն` պետք է ընթերցվի:
Այսպես, Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես խուլիգանություն չեմ արել: Ես կալանավորված չեմ, այլ գտնվում եմ իշխանության գերության մեջ: Իմ արարքը արժանի է հարգանքի: Սահմանին թուրքերն են գերության մեջ պահում, այստեղ` դուք, ի՞նչ տարբերություն»,- ասաց ամբաստանյալը, ինչը ևս ծափահարություններով ընդունվեց:
Ապա մեղադրողը ներկայացրեց Ավետիս Ավետիսյանի մեղադրական եզրակացությունը, ըստ որի` նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,-ասաց ամբաստանյալը:
Հայկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, և առանց իրացնելու նպատակի` ապօրինի պահել է զգալի չափով հոգեմետ նյութ:
«Ուրեմն սենց, մի բան ասեմ, դա հոգեմետ նյութ չէ, դա օգտագործում են շներին անշարժացնելու համար: Ես ո՛չ պահել եմ, ո՛չ օգտագործել եմ: Ես որպես խուլիգան չեմ կարող մեղադրվել: Ինձ շատ-շատ կարող եք մեղադրել ՀՀ սրտացավ քաղաքացի լինելու մեջ»,- ասաց ամբաստանյալը, և հնչեցին ծափահարություններ:
Իսկ ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
«Մեղադրանքը ինձ համար հասկանալի չէ, ես կատարել եմ իմ պարտքը` օգտվելով իմ սահմանադրական հնարավորությունից: Պատժիչ գործողություններ եմ իրականացրել հայրենիքի թշնամիների նկատմամբ»,- ասաց ամբաստանյալը:
Միսակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խուլիգանություն:
«Եթե մի երկրում, որտեղ 5 ամիս նստում ես մի հոդվածով, հետո պարզվում է, որ պետք է մեկ ամիս նստեիր ուրիշ մեղադրանքով, ի՞նչը կարող է հասկանալի լինել: Մի երկրում, որտեղ նախագահ է թշնամու շպիոնը, էլ ի՞նչ ասեմ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- պատասխանեց Միսակ Առաքելյանը:
Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել:
«Ես ինձ ոչ մի հոդվածով մեղավոր չեմ ճանաչում»,- ասաց ամբաստանյալը:
Սևակ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված ոստիկանին դիմադրություն ցույց տալով:
«Նախ պետք ա ասեմ բոլորի մասին, քանի որ ասում եք՝ խմբակային: Յուրաքանչյուր երկիր սիրողը պետք ա սրտացավ լինի էն տղեքի համար, ովքեր 88-ին եղել են սահմանում: Ես իմ զորակցությունն եմ հայտնում նրանց: Շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ներին, ովքեր անաչառ լուսաբանում են ամեն ինչը:
Յուրաքանչյուր երկիր ունի ներքին և արտաքին կորուստ. արտաքինից կորցրել ենք 1,5 մլն, ներքինում` 2,5 մլն: Ես ու ստեղի տղեքը խուլիգանությունից էնքան ենք հեռու, ինչքան մեր կառավարությունը պետական մտածելակերպից: Մեզ խուլիգան ճանաչողները էնքան հեռու են իրականությունից, ոնց որ խոզը տուռնիկից»,- ասաց ամբաստանյալը:
Դատարանը հայտարարեց 5 րոպե ընդմիջում: