Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Այսօր Ա. Շաբոյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական զարգացմանը, մասնավորապես մրցակցային դաշտին առնչվող խնդիրներ: Ա. Հարությունյանը կարևորել և բարձր է գնահատել ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքները մեծապես նպաստել են մի շարք խնդիրների լուծմանը: ԼՂՀ վարչապետը ընդգծել է, որ շարունակական ակտիվ գործունեությունը կբերի դաշտի էական բարեփոխմանն ու առկա խնդիրների հնարավորինս արագ լուծմանը:
Ապա տեղի է ունեցել երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպումը: Արտակ Շաբոյանի և Լևոն Մնացականյանի համատեղ նախագահությամբ տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում պատասխանատվության միջոցներ են կիրառվել մի շարք անբարեխիղճ տնտեսվարողների հանդեպ: Բացի այդ, ՀՀ ՏՄՊՊՀ փորձի հիման վրա, քննարկվել են հացամթերքի, ձվի, դեղորայքի ոլորտների, ինչպես նաև խոշոր առևտրային ցանցերի վարքագծին առնչվող հարցեր:
Ա. Շաբոյանը ներկայացրել է վերջին 3 տարիների համատեղ գործունեության արդյունքները: Մասնավորապես նա կարևորել է տեղեկատվության փոխանակման բազաների ստեղծումը, որոնց միջոցով անբարեխիղճ տնտեսվարողները անմիջապես հայտնվում են 2 երկրների մրցակցային մարմինների դիտակետում: Ա. Շաբոյանը կարևորել է նաև օրենսդրական փոփոխությունները և տեղեկացրել, որ Արցախի գործընկերների հետ համատեղ իրականացվել են թվով 38 ոլորտային ուսումնասիրություններ՝ սոցիալական նշանակություն ունեցող առաջնային շուկաներում:
Բացի այդ՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ը տեխնիկական աջակցություն է տրամադրել Արցախի մրցակցային կառույցին և աշխատակիցների համար արտերկրում ու Հայաստանում կազմակերպել ավելի քան 20 վերապատրաստման ծրագրեր:
Նիստի ավարտին երկու երկրների մրցակցային մարմինների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որտեղ նախանշվել են առաջիկա մի քանի տարիների համատեղ աշխատանքի գերակա ուղղությունները:
Ա. Շաբոյանը նշել է, որ վերջին մի քանի տարիների սերտ համագործակցության արդյունքները ակնհայտ են, բայց ոչ բավարար, կան նոր ծրագրեր և գաղափարներ, որոնք Արցախի գործընկերների հետ համատեղ կյանքի կկոչվեն առաջիկայում:
ՀՀ ՏՄՊՊՀ