Հայաստանում ավելացել են շաքարավազի, բանանի ներկրողները. ՏՄՊՊՀ-ն ամփոփում է տարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ընթացիկ տարին ամփոփել է մրցակցության ոլորտում գրանցված աննախադեպ առաջընթացով:

Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով` Հայաստանը մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով եւ ներկայումս աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը` նախորդ տարվա 28-ի փոխարեն: Նշենք, որ մեր երկիրն առաջատարն է ԵԱՏՄ անդամ երկրներում. Ռուսաստանը զբաղեցնում է 63-րդ, Ղազախստանը` 84-րդ, Ղրղզստանը` 102-րդ տեղը: Գերազանցում ենք նաեւ տարածաշրջանի, ԱՊՀ անդամ եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների: Օրինակ` Վրաստանը գտնվում է 80-րդ, Լիտվան` 87-րդ, Լատվիան` 58-րդ, Սլովակիան` 82-րդ, Հունգարիան` 99-րդ, Մոլդովան` 119-րդ, Ռումինիան` 94-րդ, Ուկրաինան` 110-րդ, իսկ Թուրքիան` 86-րդ հորիզոնականում: Այս ֆորումի զեկույցը հանդիսանում է մրցունակության գնահատման միջազգային ճանաչում ունեցող առաջատար աղբյուրը եւ հիմք է հանդիսանում տարբեր միջազգային հարթակներում տվյալ երկրի ընդհանուր զարգացման ցուցանիշը եւ առաջընթացը գնահատելու առումով:

Մրցակցության արդյունքում մի քանի անգամ նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները
2018 թվականի ընթացքում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն պարզելու, թե նոր տնտեսվարողների մուտքով պայմանավորված` ինչպիսի մրցակցային վիճակ է մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում: Այսպես, եթե 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա հետագա տարիներին ներմուծողները ավելացել են` ընթացիկ տարում դառնալով 57: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է` 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների մասնաբաժինը այս դեպքում եւս նվազել է` դառնալով 38 %-ից 5 %, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան: Իրավիճակը նույնն է սոցիալական կարեւորության գրեթե բոլոր ապրանքային շուկաներում: Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը 36-ից դարձել է 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 94-ից` 78%: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է` 92%-ից հասնելով 56%-ի:
Մեկ տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ը իրականացրել է թվով ավելի քան 113 ոլորտային ուսումնասիրություն
Ընթացիկ տարվում Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է նաեւ ոլորտային 113 ուսումնասիրություն մրցակցային հնարավոր խնդիրների բացահայտման նպատակով:

Ուսումնասիրությունների գերակշիռ մասը իրականացվել է առեւտրի եւ ծառայությունների, սոցիալական ապահովության, հանքարդյունաբերության, ինչպես նաեւ արտադրության, առողջապահության, գյուղատնտեսության եւ հեռահաղորդակցության ոլորտներում: Կատարված աշխատանքի արդյունքում բացահայտվել, ինչպես նաեւ շատ դեպքերում կանխարգելվել են մի շարք մրցակցային խնդիրներ:
Ընթացիկ տարում իրականացվել են ակտիվ աշխատանքներ` ԵԱՏՄ տարածքում հայ արտադրողների շահերի պաշտպանության ուղղությամբ

Հայկական երկու խոշոր ընկերություններ` «Դուստր Մարիաննան» եւ «Գրանդ Տոբակոն», իրենց արտադրանքը ռուսական շուկայում իրացնելիս հանդիպել էին մուտքի խոչընդոտների, ինչի հետեւանքով սահմանափակվել էր նրանց մուտքը ՌԴ շուկա: Հաշվի առնելով, որ խնդիրը առաջացել է ՌԴ-ում` ՀՀ մրցակցային մարմինը գործընկերների հետ համագործակցության արդյունքում հասավ խնդրի լիարժեք լուծմանը:

Այս պահին Հանձնաժողովի վարույթում է նման եւս երեք գործ: Առաջին գործով բողոք է ներկայացրել «Տարոն-Ավիան» ՌԴ օդանավակայանների կողմից խտրական գների կիրառման վերաբերյալ, ինչը թույլ չի տալիս հավասար պայմաններով մրցակցելու ռուսական ավիաընկերությունների հետ: Երկրորդ խնդիրը բարձրացրել է «Գրանդ Քենդին», որը տեղեկացնում է, որ ռուսական մի քանի ընկերություններ արտադրում եւ իրացնում են «Պանդա» անվանումով շոկոլադներ, որի իրավունքը, սակայն, չունեն, քանի որ նշված արտադրատեսակը գրանցված է իր անվամբ: Երրորդ դեպքում էլ հարցն առնչվում է ռուսական հրուշակեղենի շուկայի երկրորդ խոշորագույնը համարվող «ԿԴՎ գրուպ» ընկերության գործունեությանը:

Վերջինիս դեմ բողոք են ներկայացրել տեղական շուկայի 6 արտադրողներ, որոնք տեղեկացնում են, որ ընկերությունը ՀՀ շուկայում իրականացնում է դեմպինգ, քանի որ սպառողին իր արտադրանքը իրացնում է ինքնարժեքից ցածր գնով: Վերոնշյալ երեք գործերն էլ ընթացքի մեջ են, եւ ՏՄՊՊՀ-ը ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության միջոցով լինելու է հետեւողական հայկական ընկերությունները շահերը պաշտպանելու ուղղությամբ:

ՏՄՊՊՀ ջանքերով տասնյակ հայկական ընկերություններ ակտիվորեն համագործակցում են ռուսական մանրածախ ոլորտում

Ընթացիկ տարում Հանձնաժողովը ակտիվ աշխատանքներ է իրականացրել, որպեսզի հայկական արտադրող ընկերությունները ներկայացված լինեն ռուսական շուկայում: Այդ նպատակով Հանձնաժողովը մի քանի անգամ Հայաստան է հրավիրել ռուսական շուկայում խոշորագույն «Ռուսական մանրածախ առեւտրի ընկերությունների ասոցիացիայի» ղեկավարներին: Ասոցիացիան խոշորագույնն է ՌԴ-ում, եւ դրա կազմի մեջ մտնում են ռուսական գրեթե բոլոր հիպերմարկետների ցանցերը` «X 5 Retail Group», «Лента», «Перекрёсток», «Пятерочка», «Магнит», «Метро», «Азбукавкуса», «Глобус» եւ այլն: Հանձնաժողովի նպատակն է, որպեսզի հայկական արտադրանքը հավասար մրցակցային պայմաններով ներկայացված լինի արտերկրի խոշոր շուկաներում: Փաստն այն է, որ համագործակցության հիմքն արդեն իսկ դրվել է եւ այն շարունակում է ակտիվորեն զարգանալ:




Լրահոս