ԻՆՉՊԵ՞Ս ԿԶԱՐԳԱՆԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան Contour Global ընկերությունը պատրաստվում է 180 մլն դոլարով ձեռք բերել Որոտանի հէկ-երի համալիրը, իշխանությունները դա ներկայացրին ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլ` ցույց տալով, թե ամեն ինչ չէ, որ տալու են ռուսներին: Ու թեեւ երեկ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Ա. Գալստյանը հայտարարեց, թե առքուվաճառքի պայմանագիրը պատրաստ է ստորագրման, «Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, հակառակն են պնդում: Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հարցի փակ քննարկման արդյունքում ձեռք բերված համաձայնությունը մի քանի օր առաջ անսպասելիորեն վերանայվել է, եւ գործարքի ճակատագիրը վտանգված է: Մեր տեղեկություններով՝ հայկական կողմը վերջին պահին ամերիկյան ընկերությանն առաջադրել է երկարաժամկետ ներդրումների նոր պայմաններ: Թե ինչու է գործադիրը նախապես համաձայնեցված պայմանագիրը հենց Վ. Պուտինի այցի օրերին վերանայել, դժվար չէ կռահել: Նկատենք, որ այս գործարքի վիժեցումը կարող է բացասական անդրադառնալ ԱՄՆ-ի հետ համատեղ մյուս ծրագրերի վրա:
Տիգրան Սարգսյանի կառավարությանն այսօր ԱԺ-ում անհարմարություններ են սպասվում. բացի կառավարության հետ հարցուպատասխանից՝ ԱԺ երկրորդ նիստի ժամանակ քննարկվելու է ՀԱԿ խմբակցության` կառավարությանը կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ ներկայացրած հարցապնդումը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարությունն այս հարցապնդման պատասխանը ՀԱԿ-ին է ներկայացրել միայն երեկ՝ երեկոյան` օրենքով նախատեսված վերջնաժամկետը լրանալուց մի քանի րոպե առաջ: Հիմա ՀԱԿ խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել կոռուպցիոն երեւույթներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոչ կոալիցիոն ուժերն արդեն բանավոր կարգով համաձայնել են կողմ քվեարկել նախագծին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իրեն հատուկ հանդիսավոր ոճով մոտեցել է Պուտինին ու նվիրել իր գրքերից երկուսը` «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» եւ «Հայաստանի՝ Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է» վերնագրերով: Մեր աղբյուրների պնդմամբ՝ Պուտինը բավական սառն է արձագանքել Մամիկոնիչի նվերին: Ա. Գեղամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց Պուտինին գրքեր նվիրելու փաստը, սակայն ասաց, որ ՌԴ նախագահը շատ ջերմ է ընդունել դրանք:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքին դեմ է քվեարկելու: Հետաքրքրվեցինք, թե ինչու է նման որոշում կայացրել, եւ արդյոք կուսակցությունից իրեն չեն ասել, որ պետք է կողմ քվեարկի: «Ո՞վ ասի… Ա՛յ մարդ, կողմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք կողմ քվեարկել, դեմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք դեմ քվեարկել: Ես արդեն ասացի՝ ոնց եմ քվեարկելու, էլ բան չունեմ ասելու: Ես տենց եմ ուզում քվեարկել: Մեր կուսակցությունում ինձ չեն ասի՝ ոնց քվեարկեմ, մենք դեմոկրատիա ենք, դեմոկրատիա»,-ժպիտը դեմքին՝ ասաց պատգամավորն ու արագ քայլերով հեռացավ:




Լրահոս