Ինչի դեմ էր պայքարում Շանթ Հարությունյանը․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում արտաքուստ բավական բուռն ներքաղաքական-քաղաքացիական զարգացումներ են ընթանում:

Հայաստանից անտեղյակ մեկին կարող է թվալ, թե այս երկրի հիմնական խնդիրները պայմանավորված են սոցիալ-տնտեսական իրավիճակի, մշակութային կոթողների պահպանության եւ այլ նմանատիպ հարցերով:

Մինչդեռ իրականում Հայաստանի գրեթե բոլոր խորքային խնդիրները սկսվում եւ ավարտվում են արտաքին քաղաքական կողմնորոշմամբ, ավելի կոնկրետ՝ ռուսական ազդեցությանն անշրջելիորեն տուրք տալու հանցավոր պատրաստակամությամբ: Բայց Հայաստանում դրա դեմ որեւէ մեկը կամ գրեթե որեւէ մեկը չի պայքարում: Ոչ միայն անձամբ ու փողոցներում չի պայքարում, այլ չի պայքարում նույնիսկ անուղղակիորեն՝ պայքարողներին աջակցություն հայտնելու ձեւով անգամ:

Երեկ Երեւանում մեղադրողը հրապարակել է Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների մեղադրական եզրակացությունները: Դատական նիստն անցել է բավական լարված, բայց ոչ թե այն պատճառով, որ դատարանի բակում հավաքված ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստներն իրենց վանկարկումներով փորձել են տապալել դատական նիստը, այլ որովհետեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ցանկացել է նստել հոր գրկին:

Նույն այն որդին, ում հայրը նոյեմբերի 5-ին «զրահաբաճկոն» էր հագցնում՝ այդպես էլ չկայացած երթից առաջ: Շանթ Հարությունյանը, հիշեցնենք, չէր պայքարում կուտակային կենսաթոշակային համակարգի, փողոցներում քաշված կարմիր գծերի դեմ: Նա պայքարում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա կարմիր գծով «խաչ քաշելու» երեւույթի դեմ, այդ երեւույթի կնքահոր՝ Վլադիմիր Պուտինի դեմ: Իրականում ոչ այնքան նրա դեմ, որքան հանուն ՀՀ քաղաքացու արժանապատվության: Հիմա Հայաստանի՝ դեռեւս ՀՀ զինանշանով կնիք ունեցող դատարանը դատում է Շանթին, դատում է նաեւ նրա համախոհներին ու նաեւ նրա որդուն՝ Շահենին:

Բայց Երեւանում ոստիկանների հետ կռիվ տվող ու նախարարների վրա կոպեկներ շաղ տվող որեւէ ակտիվիստ, ոչ էլ Ազգային ժողովի ամբիոնի մոտ անվեհեր ելույթ ունեցող որեւէ պատգամավոր դատարանի դահլիճում չէ, անգամ դատարանի բակում չէ: Որովհետեւ կուտակայինը՝ կուտակային, Աֆրիկյանը՝ Աֆրիկյան, բայց ինչպե՞ս կարելի է բարոյական աջակցություն հայտնել մեկին, ով համարձակվել է հայհոյել Պուտինին:

Շանթը պայքարել է՝ որպես անհատ, նրա պայքարը կուսակցական կամ հասարակական չէ, նրա պայքարը, առաջին հերթին, խորհրդանշական է: Բայց անգամ խորհրդանշական այդ պայքարին միացողներ ու աջակցողներ չկան: Որովհետեւ միանալու կամ աջակցելու դեպքում՝ այլ «կարեւոր» խնդիրներով պայքարը գուցե պակաս սենտիմենտալ դառնա, գուցե անգամ արգելվի:
Եթե որեւէ հասարակությունում չեն պայքարում ազատության ու անկախության համար, չեն պայքարում երկիրն ազատությունից ու անկախությունից զրկողների դեմ, ապա մնացած՝ «նյութական նպատակներով» պայքարելու հնարավորությունը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան վճար՝ անազատության մեջ ավելի շատ թոշակ ստանալու, Երեւանի փողոցներում մեկ-երկու հին շենք տեսնելու համար:

Շանթ Հարությունյանի դատավարությունը Հայաստանի քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության իրական կենսունակությունը ստուգող թեստ է: Բացասական արդյունքով թեստ: Ազատություն Շանթ Հարությունյանին եւ մյուս քաղբանտարկյալներին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս