Սերժ Սարգսյանն օրեր առաջ հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հետաձգել է Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու վերջնաժամկետը. հուլիսի 1-ի փոխարեն՝ հոկտեմբերի 15:
Ստացվում է՝ Սերժ Սարգսյանն այս հարցում միայնակ է մնացել ու հիմա փորձում է ժամանակ շահել՝ սպասելով աշնանային զարգացումների հանգուցալուծմանը:
Armlur.am-ը փորձեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանից ճշտել հայեցակարգի ներկայացման ժամկետների հետաձգման պատճառները:
«Պատճառները երեքն են. անհրաժեշտություն համարվեց քննարկումները շարունակել նաև մարզերում՝ անմիջական շփումների միջոցով: Երկրորդը, որ մենք ստացանք առաջարկություններ սպասվածից ավելի ընդարձակ, և անհրաժեշտություն առաջացավ դրանք բավականին համակողմանի քննարկելու և վերլուծելու: Երրորդը՝ մենք գործ ունենք մի քանի համակարգի հետ, և պետք է քննարկումներ անցկացվեն», – մանրամասնեց նա՝ հավելելով, որ կային տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ և այդ պատճառով անհրաժեշտություն կա քննարկումները շարունակելու:
Նրա խոսքով՝ որևէ այլ պատճառ չկա, և սրանք կարելի է համարել միայն տեխնիկական պատճառներ:
Նաիրա Հովհաննիսյան