«Արտակարգ դրության մասին» օրենքն ԱԺ-ում ուշագրավ բանավեճի տեղիք տվեց: Այս նախագծում կրկին տեղ է գտել բանակն արտակարգ դրության ժամանակ օգտագործելու դրույթ: Թեեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ պետք է հանել մտահոգությունները, թե սա կարող է գործիք լինել քաղաքական հակառակորդների դեմ: «Նման լեքսիկոնը պետք է դուրս գա մեզանից։ Իմ ճիշտ լինելը եւ ձեր մտահոգությունների անհիմն լինելը ժամանակն է ցույց տալու»,-նշեց նա: Հակադարձելով Թովմասյանին` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց Քադաֆիին: «Պարո՛ն Թովմասյան, Ձեր պատասխանները միշտ սկսվում են «մոտավորապեսով»… Մենք չենք ուզում մոտավորապես, մենք ուզում ենք, որ Դուք մեզ հստա՛կ ասեք: Սահմանադրության 8.2 հոդվածի առաջին մասը Ձեզ շատ դուր է գալիս, բայց կա երկրորդ մաս, որով հստակ սահմանվում է, որ բանակը պետք է չեզոք մնա քաղաքական գործընթացներից, ինչը հակասում է ներկայացված օրինագծի 9-րդ հոդվածի 5-րդ կետին: Բանակն այլեւս չեզոք չի մնում, ներքաշում եք քաղաքական գործընթացների մեջ: Իմիջիայլոց, այդպես էր անում մի քաղաքացի` ազգանունը Քադաֆի, եւ տեսանք՝ ինչով վերջացավ…»,-ասաց նա:
ԱԶԳԱՆՈՒՆԸ` ՔԱԴԱՖԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ