ԲԵՐՔԱԶՈՒՐԿ ԲԵՐՔԱԲԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը, որը գտնվում է Ջողազի ջրամբարի ափին, չի կարողանում ոռոգման նպատակով օգտվել 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարից, քանի որ ադրբեջանական զինուժը ջրամբարի ձախ ափից պարբերաբար գնդակոծում է գյուղը: Հիմա ադրբեջանցիները բերքահավաքով են զբաղված, եւ այդ պատճառով փոքր-ինչ խաղաղ է:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը հայտնեց, որ վերջին անգամ ադրբեջանական գնդակոծություն եղել է մի շաբաթ առաջ: Հսկայական ջրամբարի ափին գտնվող Բերքաբերը ոչ միայն ոռոգման ջուր չունի, այլեւ՝ խմելու: Գյուղի կենտրոնում մի ծորակ կա, որից օգտվում են համայնքի 528 բնակիչները։ Հովիկ Աբրահամյանը 2014թ. փետրվարի 12-ին այցելելով Բերքաբեր, գյուղի հիմնախնդիրները լուծելու խոստում է տվել:
Գյուղապետ Արթուր Մադաթյանից տեղեկացանք, որ երկու գյուղերի՝ Բերքաբերի եւ հարեւան Սարիգյուղի համար խմելու ջրագիծ կառուցելու ծրագիր կար, սակայն ֆինանսական միջոցները չեն բավարարել՝ այն իրագործելու: Համայնքի ղեկավարն ասաց, որ իրենք դիմել են «ՎիվաՍել» ընկերությանը, որպեսզի այն ամերիկյան մի ընկերության հետ աջակցի խմելու ջրագծի կառուցմանը: Այս ամենից բացի, սահմանամերձ Բերքաբերը նաեւ հողազուրկ է: Գյուղի 1130 հա տարածքներից 830-ը, որոնք ամենաբերրի հողերն են, գտնվում են ջրամբարի ձախ ափին, ադրբեջանական վերահսկողության տակ: Արթուր Մադաթյանն ասում է, որ իր համագյուղացիները հնուց ի վեր օգտագործել են Աճակուտ գյուղից դեպի սարեր տանող հատվածի 600-700 հա տարածքը՝ խոտհարքներ, արոտավայրեր: Այդ սարամասը, սակայն, կառավարության որոշմամբ տրվել է Լուսաձոր համայնքին այն պատճառաբանությամբ, թե Բերքաբերն այդ հատվածի հետ ուղիղ կապ չունի: Արթուր Մադաթյանն ասում է, որ Լուսաձոր համայնքն այդ սարի հետ ոչ միայն ուղիղ, այլեւ ոչ մի տեսակի կապ չունի:
«Որ պատերազմ սկսվի, ո՞ւմ հետ ենք պատերազմելու՝ Ադրբեջանի՞, թե՞ Լուսաձորի»,-տարակուսած ասում է գյուղապետը: Նրա խոսքերով՝ 1990-ական թվականների պատերազմական գործողությունների ժամանակ բերքաբերցի շատ ընտանիքներ ժամանակավորապես պատսպարվել են այդ սարամասում, այն եղել է սահմանամերձ գյուղի թիկունքը: Գյուղապետի վկայությամբ՝ այնտեղ բերքաբերցի մի քանի ընտանիք տներ ունեն, սակայն վերջերս լուսաձորցիները փորձել են այդ մարդկանց վտարել իրենց կացարաններից: Գյուղապետը դիմել է Լուսաձորի իր պաշտոնակցին, ով ասել է, թե դեմ չէ այդ տարածքը Բերքաբերին վերադարձնելուն, մարզպետ Հ. Աբովյանն էլ հայտնել է, որ առաջիկայում այդ խնդիրը կքննարկվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս