ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ՝ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն. ընտանի կենդանիներին «նեղացնողներն» այսուհետ գործ կունենան ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ: Բանն այն է, որ երեկ գյուղնախարարը ԱԺ-ում մի օրինագիծ ներկայացրեց, ըստ որի՝ արգելվում է կենդանիներին վախեցնել, միմյանց նկատմամբ սադրել, տրամադրել: Արգելվում է նաեւ սեղմել կենդանիների դյուրազգաց մասերը՝ պոչերը, ականջները: Այս օրինագծի ներկայացումն առաջացրեց Աժ պատգամավորների ծիծաղը, իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համար էլ որոշ դրույթներ անհասկանալի մնացին:

Նշենք, որ այս օրինագծով արգելվում է առանց ցավազրկման կենդանուն ամորձատելը, եղունգները հեռացնելը: Բացի այդ, արգելվում է կենդանիների մարմնի դյուրազգաց մասերին սեղմելը, պոչերը ճզմելը, ոլորելը, կենդանիների գլուխներից, եղջյուրներից, ականջներից, ոտքերից եւ մորթուց քարշ տալը:
«Սա օրենք է, Արմքոմեդիից չէ. «Փոխադրման ժամանակ պետք է պահպանվեն կենդանիների պաշտպանության եւ բարօրության պահանջները»,-օրինագծից մեջբերեց պատգամավորը` տարակուսելով։ «Բայց դուք, պարոն նախարար, չե՞ք նայել թե ինչ է գրված այս օրինագծում: Արդյոք սա կիրառելի՞ է, եւ չկիրառելու դեպքում պատժամիջոցներ պե՞տք է հետեւեն: Եթե օրենք է դառնում, ապա օրենքի կետը պարտադիր է եւ այդ կետը չկատարելիս պետք է հետեւի տույժ, պատասխանատվություն, տուգանք: Դուք քննարկե՞լ եք այս կետերի կատարողականը եւ դա չկատարելու դեպքում պատիժները ինչպե՞ս եք կիրառելու: Ենթադրենք կենդանիների տեղափոխումը պետք է լինի դեպի սպանդանոց, դուք հատկացրե՞լ եք լիազոր մարմնի կողմից այն հանգստավայրերը, որտեղ կենդանիների հանգիստն ու բարօրությունը պետք է ապահովվի»,- իրեն հետաքրքրող հարցերով գյուղնախարարին դիմեց Արամ Մանուկյանը:
Ի պատասխան` Սերգո Կարապետյանը պատգամավորին հորդորեց չզարմանալ եւ պնդեց, որ կենդանիների նկատմամբ պետք է մարդասիրական վերաբերմունք ցույց տալ: «Դա Եվրամիության եւ միջազգային կազմակերպությունների պահանջն է եւ մենք, անդամագրվելով եվրասիական տնտեսական միությանը, պետք է մեր օրենսդրական դաշտը համապատասխանեցնենք նրանց պահանջներին»,-պատգամավորին հանգիստ տոնով բացատրեց գյուղնախարարը:
Սակայն ասվածը Մանուկյանի համար անհասկանալի թվաց եւ նա կրկին հետաքրքրվեց. «Ինչպե՞ս եք վերահսկելու, ենթադրենք` Եղեգնուտ գյուղի բնակիչ Պողոսն իր խոզերին առանց ցավազրկման ամորձատում է: Ցանկացած մարդ իր տանը պահող կատվի, թութակի, շան եղունգներն առանց ցավազրկման հեռացնում է, ես քաշում եմ իմ նապաստակի ականջներից, մյուսն էլ իր շան պոչից: Ինչպե՞ս եք սա վերահսկելու: Չէ՞ որ, պարոն նախարար, օրենքի կետը չկատարողը պատժվում է: Պետք է պատժամիջոցներ կիրառվեն, ինչպե՞ս եք վերահսկելու այս կետերի իրականացումը»:
Մանուկյանի երկար պնդումներից հետո, ի վերջո, գյուղնախարարը համաձայնեց. «Այո, որոշ դրույթներ կան, որոնք դժվարությամբ մեր կենցաղում կներդրվեն, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է մտածենք այդ մասին: Այո, խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորենք»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց մի քանի գյուղապետերի հետ` պարզելու նրանց տեսակետը գյուղնախարարի առաջարկած օրինագծի շուրջ: Իհարկե սկզբում նրանց թվաց, թե սա կատակ է: ՀՀ Արագածոտնի մարզի Սադունց համայնքի ղեկավար Էդվարդ Սադունյանը չկարողացավ նույնիսկ զսպել իր ծիծաղը: Զրույցի սկզբից մինչեւ վերջ նա ծիծաղեց: Վերջում տարակուսեց, թե օրենքի ընդունումից հետո ինչպես է շփվելու իր սեփական կենդանիների հետ: Իսկ ահա Շիրակի մարզի Զորակերտ համայնքի ղեկավար Հովհաննես Սուքիասյանը վստահեցրեց, որ այս օրինագիծը կյանքի չի կոչվի: «Դե մենք գիտենք, որ անասունին ճիպոտով չի կարելի խփել, քանի որ աճը կկանգնի: Նորություն են ասում, էլի: Դե թող խորհուրդ տան՝ ինչպես վարվենք այն ժամանակ, երբ ցլիկներն իրար հետ կռվում են, մոտենանք` կսպանեն: Ո՞վ կարող է ցուլը ցլից բաժանել: Այ, եթե գյուղնախարարը կոմունիստների ժամանակ աշխատած լիներ, որոշ չափով պատկերացում կունենար: Ոնց պայքարեմ, որ կովը կովին չնեղացնի»,- զարմացած հարցրեց գյուղապետը:
Իսկ նույն մարզի Գեղանիստ համայնքի ղեկավար Աղասի Ղազարյանն ասաց հետեւյալը. «Երկու ցուլ կռվում են, պետք է բարիշացնենք, ի՞նչ պետք է անենք: Այսօրվա մեր հազար տեսակի հարցերը թողել են ու ինչ հարցեր են քննարկում: Ժողովրդի վիճակի մասին չեն մտածում, կենդանիների մասին են մտածում: Մենք էնքան դարդ ու ցավ ունենք, որ ցուլերի կռվի ու կատուների գզվռտոցի մասին մտածենք: Մենք այստեղ նման հոբբի չունենք»:
Ինչեւէ, նկատենք, որ մեր գյուղնախարարի համար էքսցենտրիկ նախաձեռնությունները կարծես թե սիրված զբաղմունք են: Հիշեցնենք, որ 2011-ին էլ, երբ Սերգո Կարապետյանը նշանակվեց գյուղնախարար` ձեռնամուխ եղավ արտերը օրհնելու միջոցով բերքատվության ապահովմանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս