ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Ազգային ժողովը կընդունի կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որով լիովին վերանայված են երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների գանձման եղանակն ու դրույքաչափերը:
Նոր օրենքով նախատեսվող տուգանքների չափը խախտումների գերակշիռ մասի դեպքում զգալիորեն նվազեցված է, որոշ դեպքերում` անգամ կրկնակի: Եվ որ շատ կարեւոր է` փոփոխված է տուգանքների գումարների հաշվարկման կարգը, ինչը եւս նվազեցնում է վարորդների գրպանին հասցվող հարվածը:
Այսպիսով` շուրջ մեկուկես տարի հայաստանցի վարորդներին, բառիս բուն իմաստով, թալանելուց հետո, իշխանություններն, ի վերջո, ականջալուր եղան համատարած հանրային բողոքին եւ որոշեցին, որ ինչ թալանել են` թալանել են, բավական է:
Իհարկե, այս իշխանությունների դեպքում դա էլ աննախադեպ երեւույթ էր, որն, անշուշտ, ողջունելի է: Խնդիրն այն է, սակայն, որ ավելի լայն կտրվածքով այս ամենը դիտարկելով` ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ տասնյակ հազարավոր վարորդների՝ մեկուկես տարի թալանելու համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։ Եվ այս առումով միանգամայն տեղին կլիներ, որ Աժ ընդդիմադիր ուժերը պահանջեին պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր մշակել էին նախորդ օրենքն ու սահմանել անտրամաբանական դրույքաչափեր: Նույնկերպ անհրաժեշտ է ԱԺ-ում բարձրացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նախկին տխրահռչակ օրենքի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցը, քանզի, ինչպես պարզվեց ՍԴ որոշումից` այդ օրենքի հեղինակները պարզապես բավարար մասնագիտական պատրաստվածություն չունեն, եթե տարիներ շարունակ աշխատելով՝ ի վերջո մշակել են այնպիսի օրենք, որի տասնյակ դրույթներ հակասում են ՀՀ Սահմանադրությանը:
ՀՀ կառավարության անպատասխանատու եւ անորակ աշխատանքի հերթական օրինակներից է տաքսիների դեղին համարանիշերի ներդնումը, որի դեմ տաքսիստների բողոքներն ամիսներ շարունակ չէին դադարում: Ի վերջո` վարորդների մի մասն իրենց սուղ միջոցներով ձեռք բերեցին այդ համարանիշերը, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ` իզուր, քանզի կառավարությունում փոշմանել են եւ դեղին համարանիշերն այլեւս պարտադիր չեն: Սրա արդյունքում ոչ միայն այդ համարանիշերի համար 20 հազարական դրամ վճարած վարորդները ֆինանսապես տուժեցին, այլեւ տեղի ունեցավ շատ ավելի վտանգավոր բան. մարդիկ հասկացան, որ պետք չէ օրինապահ լինել, քանզի, ինչպես այս օրինակով երեւաց, ի վերջո շահեցին նրանք, ովքեր օրենքը խախտելով` սովորական համարանիշերով էին իրենց մեքենաները վարել: Այսպիսով` ստացվում է, որ կառավարությունը դրդում է ՀՀ քաղաքացիներին օրինապահ չլինել:




Լրահոս