ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԱՔՆՎԱԾ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ առավոտյան ՀՀԿ խմբակցությունում թեժ խոսակցություն է եղել պատգամավորների միջեւ: Բանն այն է, որ նախօրեին, երբ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, որտեղից սովորաբար ելումուտ են անում պատգամավորները, ՀՀԿ-ականները ստիպված են եղել շենքից հեռանալ տնտեսական մուտքով, որն անհամեմատ աննկատ վայրում է: Եվ ահա, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ-ական պատգամավորներից մի քանիսը դժգոհել են, որ իրենք անհարմար են զգում «թաքնված ապրելուց, թաքնված քայլելուց»: «Հիմա որ հոսանքի գինն էլ բարձրացնեք, էլ ո՞նց ենք մարդկանց աչքերին նայելու, ինչո՞ւ պետք է մարդկանցից փախչելով քայլենք»,- ասել է պատգամավորներից մեկը, ում անունը հենց նրա անվտանգությունից ելնելով չենք հրապարակում:

ԵՂԱԾՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ հունիսի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն եւ Շվեյցարիա արտահանվել է 49 տոննա ծիրան: Իսկ մոտ 330 տոննա կեռաս արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն եւ Վրաստանի Հանրապետություն: Հիշեցնենք, որ մարտի վերջին եւ ապրիլի սկզբին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Արարատյան դաշտավայրում խոշոր չափի վնասներ հիմնականում կրել էր ծիրանենին: Ի դեպ, վերջերս գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտարարել էր, որ ծիրանի բերք կլինի Արագածոտնի մարզի Թալինի, Աշնակի տարածաշրջանի համայնքներում եւ Կոտայքի, Վայոց ձորի մարզերի բարձրադիր հատվածներում: Նա նաեւ կանխատեսել էր, որ այս տարի սպասվում է մոտ 8000 տոննա ծիրանի բերք: Մինչդեռ նախորդ տարի այն հասնում էր մոտ 90 հազար տոննայի: Բացի այդ, ավելացնենք, որ Հայաստանի ներքին շուկայում հայկական ծիրանի 1 կիլոգրամն արժե 3850 դրամ, իսկ ներկրված ծիրանի 1 կիլոգրամը՝ 2000 դրամի սահմաններում է:

«ԱԼԻՇԱՆԸ»-Ը ՍԿՍԵՑ ԱՇԽԱՏԵԼ

Արարատի մարզում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանն արդեն 10 օր է, ինչ սկսել է աշխատել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանից: Գործարանի տնօրենի խոսքով՝ պարտք մնացած գումարն ինքը մուծել է: Իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները, որոնք Մոսեսյանը սխալ էր համարում, չի վճարել: «Ես մտադիր եմ այդ մասով դիմել դատարան կամ էլ գուցե հաշտություն կկնքենք «Գազպրոմ-Արմենիա»-ի հետ»,- ավելացրեց տնօրենը: Հիշեցնենք, որ պահածոների գործարանի աշխատանքները մի քանի ամիս էր, ինչ գազամատակարարման պատճառով դադարեցված էին: Երկար ժամանակ չաշխատելու պատճառով գործարանը մեծ վնասներ է կրել:




Լրահոս