ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ «ԱՐԿԱԾՆԵՐԸ» ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշտարակ քաղաքի բնակիչները պատրաստվում են մոտակա օրերին փակել Աշտարակ-Երեւան ավտոճանապարհը: Պատճառը քաղաքում իրենց «բեսպրեդել» համարողների գործողություններին վերջ տալն է, ովքեր փորձում են ամեն գնով հասնել ապօրինի գազալցակայանի կառուցման որոշման հաստատմանը Աշտարակի ավագանու կողմից: Ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայանի շինարարության մեջ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանը: Իսկ Արագածոտնի մարզպետը եւ իր եղբայրը սկսել են ճնշումներ գործադրել ավագանու ընդդիմացող անդամների վրա:

«Ժողովուրդ»-ը հունիսի 18-ին գրել էր, որ մայիսի 30-ին Աշտարակի ավագանու նիստի ժամանակ, քաղաքապետ Արմեն Անտոնյանն առաջարկել էր կայացնել մի որոշում, համաձայն որի՝ Աշտարակի նոր կառուցվող սպորտդպրոցի հարակից շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար: Ավագանու անդամները 7 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չէին տվել հողատարածքի աճուրդն իրականանա՝ պատճառաբանելով, որ այդ տեղը գազալցակայանի համար հարմար չէ, քանի որ կողքին կառուցվում է մարզադպրոց, «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղն է գտնվում հարեւանությամբ, իսկ 30-40 մետր հեռավորության վրա կան բնակելի տներ: Այսինքն՝ գազալցակայանի շինարարության համար նախատեսված անվտանգության որեւէ կանոն պահպանված չէ:
Արդյունքում Աշտարակի ուժային կառույցների ղեկավարները, քաղաքապետ Անտոնյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել են մեկիկ-մեկիկ աշխատել ավագանու անդամների հետ, որպեսզի նրանք իրենց համաձայնությունը տան՝ այդ տարածքում գազալցակայան կառուցելու համար: Որոշ դեպքերում անգամ եղել են սպառնալիքներ՝ աշխատանքից հեռացնելու, «վատ լինելու» եւ այլ տխուր հեռանկարների տեսքով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աշտարակի ավագանու անդամ Արմենակ Սարգսյանը նշել էր, որ անթույլատրելի է այդ հողատարածքում գազալցակայան կառուցելը, իսկ ահա ավագանու մեկ այլ ներկայացուցչից՝ Կարեն Շահազիզյանն էլ հայտնել էր, որ հողատարածքի մի մասը, ըստ նախագծի, պետք է ծառայեր մարզադպրոցի մուտք, ավելին` կառավարության որոշմամբ հողատարածքը տրվել է համայնքին որպես սեփականություն, հետեւաբար իր համար անհասկանալի է, թե ինչու պետք է հողատարածքը դրվի աճուրդի՝ գազալցակայան կառուցելու համար: Ավելին՝ մեր զրուցակիցը հիշեցրել էր, որ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել է կառուցել մարզադպրոցը:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ըստ շրջանառվող լուրերի, գազալցակայան կառուցելու հարցում խիստ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ասել էր, թե առաջին անգամ է լսում գազալցակայան սարքելու մասին, իսկ ահա քաղաքապետ Անտոնյանը հրաժարավել էր հեռախոսով որեւէ մեկնաբնաություն տալ: Ինչպես նկատում ենք, դեպքերն արագ են զարգանում եւ ահա Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանը որսի է դուրս եկել:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ Նաիրի Սահակյանը Աշտարակի ավագանու անդամ Մուշեղ Թաշչյանին, ով Աշտարակ քաղաքում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եւ ունի կարատեի խմբակ, ստիպել են, որ լուծարի այն: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ որպեսզի հանրության մոտ կասկածներ չառաջանան, թե դա կապված է գազալցակայանի կառուցման հետ, որոշ սպորտային խմբակների ղեկավարների եւս ստիպել են փակել իրենց խմբակները: Արդյունքում շուրջ 500 երեխա կարող է հայտնվել փողոցում: Ստեղծված իրավիճակից դժգոհ աշտարակցիները չեն պատրաստվում լռել, եւ չի բացառվում, որ մոտակա օրերին փակեն Աշտարակ-Երեւան ավտոճանապարհը եւ ստիպեն Աշտարակ քաղաքում իրենց «բեսպրեդել» համարողներին հաշվի նստել իրենց հետ:
Պարզաբանման համար հերթական անգամ զրուցեցինք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:
-Պարոն Սահակյան, Ձեր եւ Ձեր եղբոր՝ Նաիրի Սահակյանի հրահանգով Աշտարակում գործող կարատեի խմբակները պետք է փակվեն: Ի՞նչն է պատճառը:
-Ո՞վ է քեզ նման բան ասել: Դա ի՞նչ խոսակցություն է, իմ եղբայրն ի՞նչ գործ ունի, պետական գործիչ է, ինչ է:
-Աշակերտները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել եւ փակել ճանապարհը:
-Չկա նման բան:
-Պարոն Սահակյան, մեր տեղեկություններով՝ խմբակների նկատմաբ այս «ուշադրությունը» պայմանավորված է Աշտարակի սպորտդպրոցի մոտ գազալցակայան կառուցելու հետ, որին դեմ էր արտահայտվել նաեւ ավագանու անդամ Մուշեղ Թաշչյանը, ով նաեւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եւ միաժամանակ կարատեի խմբակ ունի: Եվ որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա, եւ չնկատվի, որ միայն իր նկատմամբ է Ձեր այս «ուշադրությունը», դրա համար էլ հրահանգում եք փակել նաեւ մյուս խմբակները:
-Ես չգիտեմ, թե ովքեր են մտնում այն մարդկանց ցանկի մեջ, ովքեր չունեն լիցենզիա: Երեքը չունեն լիցենզիա:
-Պարոն Սահակյան, տեւական ժամանակ է՝ այս խմբակները գործել են, ինչ է, նո՞ր եք իմացել, որ չունեն լիցենզիա կամ պայմանագիր:
-Հայերեն չե՞մ բացատրում. պայմանագիր պետք է ունենան: Պետք է պայմանագիր կապեն դպրոցների հետ, ունենան մարզչի լիցենզիա: Բայց դա ոչ բոլորին է վերաբերվում: Ովքեր ունեն այդ պայմանագրերը, կշարունակեն աշխատել: Ես ինչքան ինֆորմացված եմ՝ չեն ունեցել պայմանագիր: Իրենց քաղաքապետն ասել է, որ պետք է օրենքի դաշտում աշխատեք:
-Իսկ կարատեի խմբակները շարունակելո՞ւ են գործել:
-Բոլորն էլ պետք է օրենքի շրջանակներում գործեն: Պայմանագիր, լիցենզիա պետք է ունենան: Եթե դրանք չունեն, ապա ոչ ոք էլ չի գործի:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս