ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ «ԿՅԱՆՔԸ ԿԵՐԵԼ Է»

Ցավալիորեն, արդեն սովորական են դարձել Հայաստանի փրկարար ծառայության հաղորդագրություններն այն մասին,որ Բերդավան գյուղի բնակչուհի Նազելի Աթոյանը հերթական անգամ ինքնավնասման փորձ է կատարել: Ամեն անգամ փրկարար ծառայության Նոյեմբերյանի ջոկատը, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության անձնակազմը մեկնում են Բերդավան եւ համոզվում, որ լուրջ բան չկա, ինքնավնասման հերթական նմանակումն է: Վերջին անգամ կինն այդ քայլին դիմել է հունիսի 3-ին: Այդ օրը Նոյեմբերյանից հրշեջ-փրկարար ծառայության մեկ հաշվարկ, ինչպես նաեւ ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները մեկնել են Բերդավան գյուղ: Պարզվել է, որ 34-ամյա Նազելի Աթոյանը պոկել է բազկի վրա իր կողմից նախկինում արված կտրվածքը, վերքից արյուն է հոսել, բուժքույրը նրան վիրակապել է եւ ցավազրկող ներարկում արել: Նախորդ անգամ Նազելին ինքնավնասման փորձ էր կատարել մայիսի 30-ին: Նոյեմբերյանի փրկարար ջոկատից տեղեկացանք, որ չամուսնացած կինն ավելի քան 20 անգամ իրեն վնասել է: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը կնոջը հոգեկան հիվանդ չի համարում՝ ասելով, որ նա սթափ ժամանակ իրեն նորմալ է պահում, ուզում է ուշադրության կենտրոնում լինել, սակայն ոգելից խմիչք օգտագործելուց հետո ագրեսիվանում է: Կինը մի անգամ բարձրացել է գյուղապետարանի ծառայողական «Նիվա» ավտոմեքենայի վրա, ցատկոտել, մի անգամ էլ կռիվ է սարքել Նոյեմբերյանի հիվանդանոցում: Փրկարար ծառայության, շտապօգնության, ոստիկանության աշխատակիցները դժգոհում են, որ նա հաճախակի զանգերով իրենց կտրում է աշխատանքից, եւ այդ անիմաստ այցերի վրա վառելիքի եւ ժամանակի ծախս է արվում: Փրկարար ծառայությունից հայտնեցին, որ կնոջ հոգեկան առողջությունը բուժելու համար, նոր կարգով, պահանջվում է նրա դիմումը, որը նա չի գրում:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՐԱՊ ԳՈՐԾԸ

Տավուշի մարզպետարանի շենքի պատերից հանվել են մարզպետի նախկին խորհրդական, Ադրբեջանում քաղաքական ապաստան հայցած Լյուբիկ Չիբուխչյանի բանաստեղծությունները: Դրանք գեղեցիկ շրջանակների մեջ տեղադրված էին մարզպետարանի շենքի դահլիճի նախասրահում եւ մարզպետի ընդունարանի նախասրահում: Նկատենք, որ այդ բանաստեղծությունները շատ խրթին են եւ դժվարընկալելի: Նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանից նոր մարզպետ Հովիկ Աբովյանին «ժառանգություն է մնացել» նաեւ մարզպետի մեկ այլ խորհրդական՝ Բերդի նախկին քաղաքապետ Անդրանիկ Շառյանը: Վերջինս ավելի քան մեկուկես տարի Արմեն Ղուլարյանին խորհուրդներ էր տալիս Բերդ քաղաքից՝ դրա համար ստանալով ամսական 150 հազար դրամ աշխատավարձ: Անկասկած, Հայաստանում խորհրդականի պաշտոնը մեծամասամբ պարապ գործ է: Այդ կերպ բարձրաստիճան պաշտոնյաները պետբյուջեի հաշվին լավություն են անում իրենց մտերիմներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս