ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. հունիսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում մասնակցել է Վրաստանի Պաշտպանության եւ անվտանգության համաժողովին:

Համաժողովին մասնակցել են Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, պաշտպանության նախարարը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների պաշտպանության նախարարներ, Եվրամիության, միջազգային տարբեր կազմակերպությունների ու գործընկեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ: ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր Համաժողովի ընթացքում քննարկվել է միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` քննարկվել են ՆԱՏՕ-ն Վրաստանի անդամակցությանը, հունիսի 27-ին ստորագրված Եվրաասոցացման համաձայնագրին, Ուկրաինայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Եվրաատլանտյան անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող Սեւծովյան տարածաշրջանի, Եվրամիության սահմանների անվտանգության եւ կայունության ապահովման հարցերը:

Համաժողովի շրջանակում ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովը հանդիպում է ունեցել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Քափանաձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Մ, Դարչաշվիլիի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության եւ անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն, փոխծովակալ Պ. Պիրսի, Մեծ Բրիտանիայի միջազգային անվտանգության ռազմավարության նախարար Ա. Մորիսոնի, Ֆրանսիայի ՊՆ պաշտպանական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Պ. Ադամի հետ: Հանդիպումների հիմնական նպատակն է եղել քննարկել համագործակցության առկա հարցերը, ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին հայ խաղաղապահների ներգրավման խնդիրները, ինչպես նաեւ նախանշել այն հեռանկարները, որոնք կարող են ի հայտ գալ անվտանգային փոփոխվող ու վերաձեւվող միջավայրի պայմաններում: Բոլոր հանդիպումների ընթացքում պատրաստակամություն է հայտնվել շարունակել փոխգործակցությունը` հանուն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման:




Լրահոս