Այսօր հունիսի 29-ն է`տարվա 180-րդ (181-րդ նահանջ տարիներում) օրը:
1932 թվականին այսօրն է մահացել Ամենայն հայոց 131-րդ Կաթողիկոս Գարեգին Ա-ն (Քեսապ, աշխարհիկ՝ Նշան Սարգսյան կամ արևմտահայերեն՝ Սարգիսեան) (Օգոստոս 27, 1932–Հունիս 29, 1999), Հայ Առաքելական Եկեղեցու Կիլիկիո Կաթողիկոս 1983–1994 և Ամենայն հայոց 131-րդ Կաթողիկոս 1995–1999:
Գարեգին Ա-ն ծնվել է Նշան Սարգսյան անունով Սիրիայի Քեսապ քաղաքում։
Նախնական կրթությունն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում, ապա ուսումնառությունը շարունակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում (1946–52)։
1949-ին ձեռնադրվել է սարկավագ, 1952-ին՝ կուսակրոն քահանա, վերակոչվել Գարեգին աբեղա՝ ի հիշատակ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի, դարձել Կիլիկիո միաբանության ուխտի անդամ։
Պաշտպանելով վարդապետական ավարտաճառը «Հայաստանյայց եկեղեցվո աստվածաբանությունը ըստ հայ շարականներու» թեմայով՝ 1955-ին ստացել է վարդապետական աստիճան։ Նույն թվականին պաշտոնավարել է Դպրեվանքում՝ որպես ուսուցիչ և վերակացու, 1956-ին ստանձնել Դպրեվանքի տեսչի պաշտոնը։ 1957–59-ին Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում՝ ավարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը և Հայ եկեղեցին» (հրտ. 1965, անգլ., ունեցել է մի շարք վերահրատարակություններ) խորագրով աշխատությունը, ստացել գրականության բակալավրի աստիճան։
1960-ին կրկին ստանձնել է Դպրեվանքի տեսչի պաշտոնը։
1963-ին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, 1964-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1973-ին նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս։
1971–73-ին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա) թեմի, 1973–1977-ին՝ Հս. Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը։
1977-ի մայիսի 2-ին, Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս։
1992-ից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
1995-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
Եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատությունների և համալսարանների պատվավոր դոկտոր։
Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետը մահացել է 1999 թ. Հունիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
1960-ին ստանձնելով Դպրեվանքի տեսչի պաշտոնը Գարեգին վարդապետը որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ գործուն մասնակցություն է ունեցել միջեկեղեցական մի շարք համագումարների ու ժողովների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) միջեկեղեցական համաժողովների։
Մեծ է նրա ավանդը 1965-ին Ադիս Աբեբայում (Եթովպիա) Արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների պետերի համաժողովի կազմակերպման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդաժողովի ստեղծման գործում։ Դիտորդի կարգավիճակով մասնակցել է Վատիկանի II ժողովի երեք հաջորդական նիստերին (1963–65) և Անգլիկան եկեղեցու Լամբեթի համաժողովին (1968)։
ԵՀԽ-ում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ, 1968-ին ընտրվել ԵՀԽ Կենտրոնական և Գործադիր վարչությունների անդամ, իսկ 1975-ի Նայրոբիի (Քենիա) համաժողովում՝ փոխատենապետ։ Այդ շրջանում աստվածաբանության, գրականության, պատմության և մշակույթի թեմաներով դասախոսել է ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարանում, Բեյրութի Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանում, Համալսարանական քոլեջում, Ամերիկյան համալսարանում։
1976–77-ին Լիբանանում բռնկած քաղաքացիական պատերազմի տարիներին մեծ դեր է խաղացել լիբանանահայությանն օժանդակելու գործում։
1983-ին ընտրվելով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս՝ զարկ է տվել ազգ-կրոնական, մշակութային և շինարարական աշխատանքներին։
Հաստատել է քրիստոնեական դաստիարակության բաժանմունքը, նպաստել աստվածաբանական ուսուցման բարելավմանը, ընդարձակել ու արդիականացրել է Անթիլիասի Դպրեվանքը (1977-ից Անթիլիասից փոխադրվել է Բիկֆայա), մեծ ուշադրություն դարձրել հրատարակչական գործին, հիմնել է «Հասկ» գիտա-աստվածաբանական տարեգիրքը, նախաձեռնել թանգարան-մատենադարանի շենքի շինարարությունը։
Կաթողիկոսության շրջանում հովվապետական այցելություններ է կատարել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ է ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ։ Բազմիցս եղել է Մայր աթոռ Սբ. Էջմիածնում։
1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո Գարեգին Բ կաթողիկոսը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի հետ իր մասնակցությունն է բերել աղետի գոտու բնակավայրերի վերականգնմանը, կազմակերպել սփյուռքից օգնություն։
1995-ին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ իր ջանքերն ուղղել է եկեղեցական կյանքի ներքին կարգավորմանն ու կազմակերպմանը, մասնավորապես՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանի գործունեության վերաաշխուժացմանը, Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի ստեղծմանը, քրիստոնեական քարոզչության հանրամատչելի ծրագրերի մշակմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը, սոցիալական բնույթի կառույցների ստեղծմանը, աստվածաբանական, հոգևոր և հայագիտական գրքերի հրատարակմանը։
Հայ եկեղեցու աշխատանքն առավել նպատակաուղղված դարձնելու նախանձախնդրությամբ վերափոխել է Հայաստանի թեմական կառուցվածքը։
1996-ին հայաստանյան նախկին 4 թեմերի փոխարեն ստեղծվել են 8 թեմեր, հիմնվել են նաև Ուկրաինայի և Հվ. Ռուսաստանի թեմերը։
1997-ի սեպտ., 80-ամյա ընդմիջումից հետո, վերաբացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքը, սկսվել է ուսանողների համար նոր հանրակացարանի շինարարությունը։
Այդ շրջանում բազմապատկվել է նաև ճեմարանի սաների թիվը՝ հասնելով շուրջ 120-ի։
Կյանքի է կոչվել Վազգեն Ա-ի ծրագիրը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին, վերակառուցված շենքում հաստատվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատունը, որը դարձել է գիտական և մշակութային կարևոր կենտրոն։
Գահակալության կարճ ժամանակահատվածում Գարեգին Ա կաթողիկոսը հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր և Կ. Պոլսի հայոց պատրիարքարան, նոր թափ հաղորդել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի էկումենյան գործունեությանը, պաշտոնական հանդիպումներ է ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, Մայր աթոռում ընդունել մի շարք եկեղեցական և էկումենիկ պատվիրակությունների։
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հանդիսությունների շրջանակում, Վեհափառ Հայրապետի ձեռամբ, 1997-ի ապրիլի 7-ին կատարվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը։
Կաթողիկոսական գահին Գարեգին Ա Քեսաբցուն հաջորդում է Գարեգին Բ Ոսկեհատցին։
Տեղեկացնենք, որ 1825 թվականին այսօրն է ծնվել հայ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը (մահ. 1912), իսկ 1900-ին` Ֆրանսիայի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին (մահ. 1944):