ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՅՏՆԵՑԻՆ

Ուկրաինայի խորհրդարանը երեկ անվստահություն չհայտնեց Նիկոլայ Ազարովի կառավարությանը: Ընդդիմության նախաձեռնությանը կողմ քվեարկեց 186 պատգամավոր անհրաժեշտ 226-ի փոխարեն: Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ելույթ ունեցավ Գերագույն ռադայում ու կառավարության եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունից ներողություն խնդրեց Մայդանում ուկրաինական հատուկջոկատայինների գործողությունների համար:

 

ԳԱՌՆԻԿԻՉԸ ԴԵՌ ԱՆՊԱՇՏՈՆ Է

1in.am-ն արձանագրում է, որ միասնական քննչական մարմնի ստեղծումը դեռեւս իրականություն չի դառնում: Արդեն տարեվերջ է, սակայն դրա ստեղծման հետ կապված օրինագիծը կամ օրինագծերի փաթեթը չի ներկայացվել Ազգային ժողով: Թեեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կայքին ասել է, որ հանձնաժողովը մշակել եւ իրենց է հանձնել այն օրենսդրական փաթեթը, որն էլ պետք է քննչական մարմնի ստեղծման համար իրավական դաշտ ապահովի, սակայն դեռ պարզ չէ, թե երբ այն կներկայացնեն կառավարության դատին, այնուհետեւ նաեւ՝ ԱԺ: Նախապես, սակայն, իշխանությունները մտադիր էին այդ գործընթացն այնքան արագ կազմակերպել, որ միասնական քննչական մարմինն իր աշխատանքները սկսեր ամանորյա տոներից հետո՝ 2014թ. հունվարի 10-ից:

 

ՁԱԽՈՂՎԱԾ ԵՎ ՍՐՎԱԾ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը երեք օր առաջ հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում, քանի որ «ձախողված երկրի ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի ղեկավարելու ԱլԳ քաղհասարակության կառույցը»: Վերջերս պլատֆորմից դուրս էին եկել 189 անդամներից երեքը՝ Գյումրու «Ասպարեզ» ակումբը, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Վերջինի նախագահ Գագիկ Մակարյանը 1in.am-ին ասել էր, թե այդ որոշումը պայմանավորված է Նավասարդյանի հետ սրված հարաբերություններով:

 

ՎԱՏԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ անդրադարձել է «Էկոնոմիստ» ամսագրում տպված «Գենդերցիդը Կովկասում» հոդվածին: «Դա գենոցիդի մի տեսակ է, այն Կովկասում ամենաայլանդակ պետությունը դարձրել է Հայաստանը: Աղջիկներին մասսայաբար աբորտ են անում: Մեր երկրում ծնվում են 100 աղջկան 130 տղա: Սա ամոթ է, սա աշխարհի վատագույն ցուցանիշն է»,-նշել է պատգամավորը` այս վիճակի համար մեղադրելով քաղաքական մեծամասնությանը:




Լրահոս