ԻՍԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ «ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երեկ հակասահմանադրական է ճանաչել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Շատերը կհիշեն, թե իշխանական ողջ վերնախավն ինչ ցնծություն էր ապրում, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց այն. Սերժ Սարգսյանը, Սամվել Նիկոյանը, Տիգրան Սարգսյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, իրար հերթ չտալով, շտապեցին շնորհակալական հեռագրեր ուղարկել Ֆրանսիայի իրենց պաշտոնակիցներին: Իշխանական կուսակցությունները Ֆրանսիայի դեսպանատան մոտ անգամ գոհունակության հանրահավաք էին կազմակերպել: Պարզվեց՝ ապարդյուն: Գերտերություններից մեկը հերթական անգամ խաղացրեց Հայկական հարցը, այնուհետեւ կայացրեց հայ պաշտոնյաների համար անսպասելի որոշում: Տեղի ունեցածն ուշագրավ էր հատկապես ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ նախօրեին տված հարցազրույցի ֆոնին, որտեղ նա պնդում էր հակառակի մասին, որ այդ օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարության, Սենատի եւ քաղաքական հիմնական ուժերի կողմից: Ընդ որում, նման հայտարարություն է անում մարդ, որը երկար տարիներ եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը: Բայց փաստորեն, անգամ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելով էլ՝ Է.Նալբանդյանը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլեւ չունի այնքան կշիռ, որ նպաստի օրինագծի հանդեպ դրական տրամադրություններ ստեղծելուն: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա չէր սազում, մի տեսակ ամոթ էր նման որոշում կայացնելը: Տեսնես ի՞նչ է մտածում գյումրեցի նորածին Սարկոզիի հայրը:




Լրահոս