ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌՈՒՍ ԱՍՏՂԵՐԻ «ԱՐԺԵՔԸ»

Ամանորյա տոներին ընդառաջ՝ ռուսական Starhit լրատվական կայքը փորձել է պարզել ռուսական առաջատար աստղերի արժեքը: Կայքի տվյալներով՝ այս տարի հոնորարներն ավելի քիչ են, քանի որ ռուսական աստղերի հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Օրինակ՝ Ստաս Միխայլովին կորպորատիվ երեկույթի հրավիրելը 2010-ին արժեր շուրջ 450 հազար դոլար, 2012-ին՝ 300 հազար, իսկ այս տարի՝ արդեն 200 հազար դոլար: Բանն այն է, որ խոշոր ընկերությունները կրճատել են կորպորատիվ երեկույթների համար նախատեսված բյուջեն: Նրանց համար ավելի նպատակահարմար է հրավիրել արտասահմանյան ռետրո արտիստների: Օրինակ՝ Տոտո Կուտունյոն 2012-ի ամանորյա գիշերը երեկույթներից մեկի ժամանակ ելույթ է ունեցել 90 հազար դոլարով, եւ այս տարի նրան կրկին հրավիրել են: Ռուսական երգի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի ընկերակցությունը շուրջ 400 հազար դոլար կարժենա: Սակայն նա նախապես անձամբ պետք է ծանոթանա տոնի սցենարին, ելույթների ցանկին, հյուրերի թվին: Վերջին տարիներին Պուգաչովային հաճախ հրավիրում են Մաքսիմ Գալկինի հետ, ով երեկոն վարում է 70 հազար դոլարով: Իսկ Ֆիլիպ Կիրկորովի՝ 40 րոպե տեւողությամբ շոուն արժե 100 հազար դոլար:
Գրիգորի Լեպսի հետ Նոր տարին արժե 100 հազար դոլարից մի քիչ ավելի: Կազմակերպիչներին ուղղված միակ պահանջն ընդարձակ տարածքն է լավ ձայնով, քանի որ նա կենդանի կատարմամբ է հանդես գալիս:
Նիկոլայ Բասկովը լրջորեն է վերաբերվում իրեն հրավիրած մարդկանց եւ 100 հազար դոլար հոնորարի դեպքում կարող է նաեւ պարել երկրպագուների հետ եւ նստել նրանց սեղանի շուրջ:
Տոնական երեկոյի լավագույն վարողներն են համարվում Իվան Ուրգանտը, Թիմուր Բատրուտդինովը եւ Գարիկ Խարլամովը, որոնք 50 հազար դոլար են պահանջում:

 

 

ՉՑՈՒՑԱԴՐՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Դարի լավագույն լուսանկարիչ ճանաչված ստամբուլահայ Արա Գյուլերի դեռեւս չցուցադրված գունավոր լուսանկարները դեկտեմբերի 16-ից մինչեւ 2014-ի հունվարի 4-ը կցուցադրվեն Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում գտնվող Merkur արվեստի ցուցասրահում: Ցուցահանդեսը կրելու է «Հին քաղաք» անունը: Նշենք, որ Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում: 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը թուրքական պարբերականում: Նա ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից: Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի եւ այլոց հետ:




Լրահոս