«ԿՐԿԵՍԸ ԹԱՏՐՈՆ ՉԷ, ՈՐ ՈՒՆԵՆԱ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած դեռեւս պարզ չէ, թե երբ հանդիսատեսի առաջ դռները կբացի Երեւանի կրկեսի` նոր կառուցվող շենքը, կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն արդեն ծրագրում է, թե ինչպես պետք է տեղի ունենա բացման հանդիսավոր արարողությունը։

-Վերջերս ստեղծել ենք միջազգային կրկեսային գործիչների միություն, ես ընտրվել եմ նախագահ, եւ արդեն պլանավորում ենք, թե կրկեսի բացման օրը ինչ պետք է լինի, ովքեր պետք է ելույթ ունենան։ Ամբողջ աշխարհով սփռված մոտ երկու հազար հայ կրկեսային դերասաններից շատերը զանգում, առաջինը ելույթ ունենալու պատրաստակամություն են հայտնում: Ես ցանկանում եմ նաեւ, որ ԱՊՀ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ իր համարը ներկայացնի…

-Բայց գոնե մոտավորապես պա՞րզ է, թե երբ տեղի կունենա կրկեսի բացումը։

-Ես շատ եմ ուզում, որ կրկեսի բացումը տեղի ունենա 2015թ. առաջին եռամսյակում։ Բանն այն է, որ այդ թվականի մարտի 15-ին Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակն է։ Եվ լավ կլինի, որ կրկեսը շահագործման հանձնված լինի, ու հենց այնտեղ անցկացնենք նաեւ մեծ արտիստի անվան միջազգային մեծ մրցույթ։

-Նման տեմպերով աշխատելու դեպքում Ձեր նշած ժամկետում կհասցնե՞ն ավարտել շինարարությունը։

-Շենքի տակ ջուր էր. կարծես լիճ լիներ, եւ վեց ամիս իրականացվեցին ջրահեռացման աշխատանքներ, հիմա արդեն հիմքը դրել ենք, կարողանում ենք աշխատել… Մենք հավատում ենք «Տաշիր գրուպ»-ին եւ վստահում նրանց պրոֆեսիոնալիզմին։

-Իսկ եթե մինչեւ մարտի 15-ը կրկեսը շահագործման չհանձնվի, որտե՞ղ եք նշելու Լ. Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանը։

-Պետությունը պետք է հոբելյանական երեկո կազմակերպի։ Իսկ ընդհանրապես մինչեւ 2014թ. կեսերը աշխատանքի տեմպերից պարզ կլինի` կարո՞ղ ենք հոբելյանը նշել կրկեսում։ Եթե չհասցնենք, այն կնշենք կա՛մ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, կա՛մ Մարզահամերգային համալիրում, գուցե Օպերայի եւ բալետի թատրոնում։

-Իսկ նախկին շենքն ամբողջովին քանդելը, ըստ Ձեզ, արդարացվա՞ծ էր։

-Սկզբից որոշվել էր, որ շենքի ճակատային մասը մնալու է։ Բայց հետո պարզվեց՝ քանի որ լինելու է երեք մանեժանոց կրկես (մեկը սառույցով, մյուսը ջրով, երրորդը սովորական), մասնագետներն ասացին՝ շենքն ամուր չէ, եւ զրոյից սկսելու, ժամանակակից պայմաններին համապատասխան կրկես կառուցելու ճիշտ որոշում կայացվեց։ Կրկեսը պետք է մի 7-8 մետրով բարձր լինի, որ հնարավոր լինի կազմակերպել օդային մասսայական ներկայացումներ, բեմադրություններ, ատրակցիոններ, իսկ նախկին գմբեթը դա անելու հնարավորություն չէր տալիս։ Նախկինում կար 1559, հիմա լինելու է 2100 նստատեղ։ Չկային նկուղային հարկեր, ավտոկայանատեղեր, ամբողջ շենքում ձմռանը դրսից ցուրտ էր, իսկ ամռանը՝ դրսից շոգ։

-Միայն կրկե՞ս է լինելու, թե՞ շենքում այլ կազմակերպություններ էլ կգործեն։

-Շենքում միայն կրկես է գործելու։

-Իսկ կրկեսի արտիստներն այս ընթացքում կկարողանա՞ն մնալ լավ մարզավիճակում։

-Կրկեսը թատրոն չէ, որ ունենա հիմնական կազմ, այն հյուրախաղային հիմնարկ է, դերասանների հետ էլ աշխատում ենք պայմանագրային հիմունքներով. մեկին հրավիրում ենք երեք ամսով, մյուսին՝ մեկ տարով… Նոր կրկես կառուցելն էլ չի նշանակում, որ պարապ ենք մնացել։ Արդեն տարիուկես է, ինչ կրկեսի շենքի շինարարությունն իրականացնող «Տաշիր գրուպ»-ի հովանավորությամբ կրկեսին կից՝ նախկին առեւտրի տանը, գործում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցը, կա համապատասխան տարածք, եւ արտասահմանյան հյուրախաղերից վերադարձող պրոֆեսիոնալ դերասանները պարապելու, Ձեր ասած, լավ մարզավիճակը պահպանելու տեղ ունեն։ Նրանք այլ կրկեսների հետ էլ պայմանագրով են աշխատում, մի խոսքով՝ լավ դերասանները երբեք պարապ չեն մնում։ Բացի այդ` ստուդիայի՝ պատրաստի համարներ ունեցող սաները, ինչպես նաեւ մեր պրոֆեսիոնալ մյուս դերասանները միշտ գնում են շրջաններ, լինում ամենահեռավոր գյուղերում, զորամասերում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԳՅՈՒՄՐԻ

Երբ Տիգրան Սարգսյանը նոր էր նշանակվել վարչապետ, խոսակցություններ էին պտտվում, թե որոշ նախարարություններ տեղափոխվելու են մարզեր։ Եվ խոսվում էր այն մասին, որ, օրինակ, մշակույթի նախարարությունը գործելու է Գյումրիում։ Դա այն ժամանակ էր, երբ վարչապետը խոստանում էր Հայաստանը, այդ թվում Գյումրին, դարձնել տարածաշրջանային մշակութային կենտրոն։ Մշակույթի նախարարությունը Գյումրի չտեղափոխվեց, ավելին, Գյումրուց մայրաքաղաք տեղափոխվեցին Մինասի մի քանի որմնանկարներ, այսինքն՝ քաղաքը կորցրեց իր մշակութային արժեքների մի մասը։

Ամեն դեպքում, Գյումրին հայրաքաղաք հռչակած գյումրեցիներն ունեցան ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Իսկ երեկվանից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր այցը սկսեց Գյումրուց, նորից ակտիվացան ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ խոսակցությունները։ Օրինակ` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը կողմ է այդ տեղափոխությանը։ «Եվ ոչ միայն այդ նախարարությունը պետք է մի քիչ ապակենտրոնացվի Երեւանից, որովհետեւ ամեն ինչը տարաք Երեւան, Երեւան, Երեւան, եւ Հայաստանը նման է շերեփուկի: Իսկ մնացած տեղերից ժողովուրդը քոչում է: Ինչ-որ ձեւով պետք է դրա առաջը պահել: Ես չգիտեմ, թե Գյումրիում ինչ բան կլինի, բայց նախարարն ամեն ինչ անում է, որ մնա Երեւանում»,-մասնավորապես նշել է ռեժիսորը։ Իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախարարություն ու նախարար ասելով` շատերը հասկանում են առաջին հերթին մայրաքաղաքը, ու հենց նախարարները չեն ցանկանա աշխատել մեկ այլ քաղաքում։ Այդ առումով լրատվամիջոցները նշում են հատկապես մշակույթի նախարարի անունը։
Իրո՞ք Հասմիկ Պողոսյանը դեմ է Գյումրի տեղափոխվելուն։ Այդ հարցը «Ժողովուրդ»-ն ուղղեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին։ Պատասխանը հակիրճ էր. «Դա կառավարության նախագիծ է, որը դեռեւս գտնվում է քննարկման փուլում»։
Ամենայն հավանականությամբ, հարցը շուտով լուծում կստանա, եւ եթե նախարարը ստիպված լինի ընտրություն կատարել մայրաքաղաքի եւ աթոռի միջեւ, գրեթե համոզված ենք, որ կընտրի վերջինը: Իհարկե, ավելի բարդ կլինի նախարարության աշխատակիցների խնդիրը, ովքեր կդժվարանան ամեն օր գնալ Գյումրի ու վերադառնալ։ Գյումրեցիների աչքը լույս. նոր աշխատատեղեր կբացվեն։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս