ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչական դատարանն ավարտել է նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի` անցյալ տարվա սեպտեմբերի 20-ից իր վարույթում գտնվող հայցի քննությունը, որով Հացպանյանը պահանջում էր Հայաստանում իրեն տալ իրավական կարգավիճակ: Դատարանը մերժել է նախկին քաղբանտարկյալի դիմումը:
-Պարո՛ն Հացպանյան, որո՞նք են Ձեր հետագա քայլերը, հեռանալո՞ւ եք Հայաստանից:
-Դիմելու եմ Վերաքննիչ դատարան, բոլոր դատարաններն անցնելու եմ, որպեսզի կարողանամ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
-Ի՞նչ եք կարծում, որն է պատճառը, որ Ձեզ ՀՀ քաղաքացիություն չեն տալիս:
-Ես երբեք օրենքի հետ խնդիր չեմ ունեցել, հիմա  իմ իրավունքներն են խախտում, ինձ հայրենիքից վտարելու միակ դրդապատճառը քաղաքական կողմնորոշումս է, միակ պատճառն այն է, որ միացել եմ համաժողովրդական շարժմանը: Ի՞նչ իրավական խախտումների մասին է խոսքը, սա քաղաքական հաշվեհարդար է:
-Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞ւմ պատվերն է դա:
-Իմ արտաքսման հրամանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանը, բայց նա 2008թ.-ի ապրիլից այլեւս ասպարեզում չկա: Հիմա ի՞նչ կարող եմ ենթադրել. եթե Սերժ Սարգսյանը հրամանն անվավեր չի ճանաչում, նշանակում է` նա էլ Քոչարյանի կամակատարն է:
-Իսկ Կոնգրեսը սատարո՞ւմ է Ձեզ:
-Ես երկու անգամ մամլո ասուլիս եմ տվել, ընդդիմադիր ոչ մի թերթ չի եկել, ոչ մի նախադասություն, ոչ մի տառ չեն տպագրել, նույնիսկ «Հայոց աշխարհ» օրաթերթը, որ համարվում է իշխանական թերթ,  եկել էր, բայց ոչ մի ընդդիմադիր լրատվամիջոցից իմ խնդրի լուսաբանում չտեսա այսքան ժամանակ: Ես պարզապես ապշած եմ նման վերաբերմունքից:
-Դատական գործընթացների ժամանա՞կ էլ չեն օգնել:
-Դատարանից զանգել եմ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին, անձամբ եմ զանգել,  է՛, ասում եմ` ո՞ւր է, ինձ իրավաբան էիք խոստացել, խոստացել էիք, որ կաջակցեք, ձայն չի հանում է, ոչ մի բառ չլսեցի, նույնիսկ դատավորն էր ամոթից գլուխը կախել: Չեմ հասկանում` ինչու են նման վերաբերմունք ցուցաբերում իմ հանդեպ, ի՞նչ են կարծում` Հացպանյան Սարգիսը չպիտի՞ լինի Հայաստանում, պետք է թողնի գնա՞, իշխանությունների նմա՞ն են մտածում, հա՞:  Ես միակ մարդն եմ, որ բանտից դուրս գալուց հետո կանգնած եմ երկրից վտարվելու շեմին, բոլորը վերադարձան իրենց կյանք, իրենց թերթերը, միակ մարդը, ով ստիպված է լքել իր հայրենիքը, ես եմ, իսկ ինձնից երես են թեքում:
-Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ չեք մասնակցի մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին:
-Ո՞վ ասաց, անպայման մասնակցելու եմ, մարտի մեկին էլ, հետագայում էլ: Ասեմ իմանաք` բանտից դուրս գալու օրը ես դռների մոտ միայն երկու անձնավորության տեսա, որ եկել էին ինձ դիմավորելու` իմ շատ լավ ընկեր Սասուն Միքայելյանը եւ Միքայել Հայրապետյանը, ո՞ւր էին մնացածը, ոչ ոք չէր եկել: Ես հանրահավաքներին մասնակցել եմ, ելույթ եմ ունեցել հարթակից, բայց հետո իջել եմ ժողովրդի մոտ, իմ տեղը ժողովրդի կողքին է, միշտ էլ այդպես է եղել: Ես այն ժամանակ թողեցի տունս, երեխաներիս եւ միացա այդ շարժմանը, արդյունքում հայտնվեցի բանտում, եւ այդ նույն շարժման մեջ մտնելու եւ մասնակցելու հետեւանքով է, որ հիմա ստիպված եմ հեռանալ: Բայց մարտի 1-ին գնալու եմ հանրահավաքի եւ կանգնելու եմ ժողովրդիս կողքին, իսկ ի՞նչ են անում նրանք: 4 տարի է` խոստում են տալիս միայն ու ոչինչ չեն անում, չի կարելի այդպես: Այո՛, կգնամ հանրահավաքի, նրանք բոլորը պետք է ամաչեն իմ եւ իմ երեխաների աչքերի մեջ նայել, բոլորը` սկսած  Լեւոն Տեր-Պետրոսյանից: Նորից եմ կրկնում, այսքան ժամանակ միայն  Սասունն ու Միքայելն են իմ կողքին եղել:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս